Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/170

Այս էջը սրբագրված է

Մասիս լեռան ստորոտում մի ապաստանի քաղաք, որ յուր անունով կոչեց Արշակավան։ Երբ քաղաքը պատրաստ էր, հրաման արձակեց, թե ամեն ոք' եթե այդ քաղաքը մտնելու լինի, կազատվի թե օրենքից և թե դատաստանից։ Շուտով քաղաքը և Կոգ գավառի ամբողջ հովիտը, ուր գտնվում էր Արշակավանը, լցվեցավ բազմաթիվ գաղթականներով։ Այնտեղ ապաստան գտան նախարարներից հարստահարվածները, նախարարներից նեղվածները։ Այնտեղ ապաստան գտան բոլոր դժգոհները, բոլոր բողոքողները։ Այնտեղ ապաստան գտան նաև զանազան հանցավորներ, զանազան դատապարտյալներ։ Երկրի դառնությունը, երկրի դարևոր վրեժխնդրությունը՝ բռնության և կոպիտ ուժի դեմ' այնտեղ գումարվեցավ։ Այնտեղ գումարվեցավ մեղքը, հանցանքը, որ առաջ էր եկել բռնավորների անզուսպ կամայականությունից։ Ամենափոքր ժամանակում քաղաքը ունեցավ մինչև քսան հազար երդ բնակիչներ։

Այդ մարդիկը ամենքն էլ նախարարների հպատակներից էին։ Այդ վշտացած և, միևնույն ժամանակ, ծայրահեղ մարդիկը Արշակի ձեռքում մի զորեղ ուժ էին նախարարներին դեմ դնելու համար։

Նախարարները զգացին այդ, մանավանդ երբ տեսնում էին, որ իրանց հպատակներից ոչ միայն դժգոհները, այլ ամեն ոք հաճությամբ կտեղափոխվեր այն ազատ քաղաքը, ուր ոչ հարկ կար և ոչ օրենքի հալածանք, այլ ամեն մարդ վայելում էր կատարյալ ապահովություն։

Թողյալ այդ, նույնիսկ նախարարների երկրում մնացած անշարժ բնակիչները կարող էին հրապուրվել, կարող էին ամեն րոպե ապստամբվել, տեսնելով, որ թագավորը շնորհում է ավելի ազատություն և ավելի անդորրություն, քան թե իրանց իշխանները։ Այստեղից ծագեցին այն արյունահեղ կռիվները նախարարների և Արշակի մեջ։

Գուցե Արշակը հաղթող կհանդիսանար, եթե նախարարները արտաքին օգնության չդիմեին։ Նրանք դիմեցին հայոց դարևոր թշնամուն-պարսկին։ Շապուհը օգուտ քաղեց հայոց աշխարհի ներքին երկպառակություններից և ուղարկեց չուր զորքերը։ Արշակը անճար մնալով խույս տվեց դեպի Կովկասյան լեռները։

Նրա բացակայության ժամանակ՝ նախարարների վրեժխնդրությունը անցավ անգթության ամեն չափից։ նրանց ձեռնտվությամբ