Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

պարսիկները տիրեցին Անի քաղաքին, կողոպտեցին թագավորական գանձերը և մինչև անգամ Արշակունի թագավորների հանգստարաններին չխնայեցին, քանդեցին շիրիմները և գերի տարան արքաների նշխարները։

Այդ ժամանակ նախարարները իրանց բոլոր ուժով հարձակվեցան Արշակավանի վրա, թե այր և թե կին անխնա կոտորեցին։ Ապաստանի քաղաքը լցվեցավ դիակներով․ արյունը հորդությամբ հոսում էր փողոցներից։ Ողջ մնաց ծծկեր մանուկների մի մասը միայն։

Արշակը վերադարձավ Կովկասից, յուր հետ բերելով վրացի և այլ լեռնական զորքեր։ Կրկին բորբոքվեցավ կռիվը նախարարների և թագավորի մեջ։ Նախարարները, պարսկին հարուստ ավարով ճանապարհ դնելուց հետո, այս անգամ հույնին կանչեցին իրանց թագավորի դեմ։ Վաղեսի լեգեոնները մոտեցան հայոց սահմաններին։ Արշակը ունեցավ յուր դեմ երեք հզոր թշնամիներ՝ հույնը, պարսիկը և յուր նախարարները…

Նա չհուսահատվեցավ, բայց զիջավ, երբ խաղաղության հրեշտակը մեջ մտավ և դադարեցրեց արյունահեղությունը։

Դա Ներսես Մեծն էր։

Մեծ հայրապետը հաշտեցրեց նախարարներին իրանց թագավորի հետ, ուխտ դնելով, որ «այնուհետև թագավորը վարվի նրանց հետ ուղղությամբ, իսկ նրանք ծառայեն հավատարմությամբ»։

Չհաշտվեցան երկու նախարարներ միայն՝ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը-Սամվելի հայրը։ Նրանք գնացին պարսից Շապուհ արքայի մոտ։ Ահա՛ որտեղից ծագեց թշնամությունը Արշակի և այդ երկու նախարարների մեջ։

II

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ, ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄԱՐՄՆԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Թագավորի լարված հարաբերությունները յուր նախարարների հետ և նրանց մեջ ծագած ներքին երկպառակությունները, որ շատ անգամ առիթ էին տալիս սոսկալի արյունահեղությունների,-