Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/172

Այս էջը սրբագրված է

այդ բոլորը նկարագրվեցավ նախընթաց գլխի համառոտության մեջ։ Մենք այժմ գիտենք նրանց էական պատճառները։

Բայց հայոց պատմությունը ներկայացնում է մի այլ, ավելի տխուր երևույթ ևս, այն է' թագավորի նույնպիսի հարաբերությունները հոգևորականության և նրա բարձր ներկայացուցիչների հետ։

Այն օրից, որ քրիստոնեությունը մուտք է գործում Հայաստանում, նկատվում է մի խուլ, ներքին կռիվ թագավորի և հոգևորականության մեջ, որ հաճախ արտահայտվում է դառն, եղերական վախճանով։ Զարմանալին այն է, որ այդ կռիվը սկսվում է իսկ և իսկ այն ժամանակից և նույն թագավորների օրերով, որոնք մաքառում էին իրանց նախարարների հետ։- Դրանք Տրդատ մեծի չորս հաջորդներն են' Խոսրով, Տիրան, Արշակ և Պապ։

Ինքը՝ Լուսավորիչը հալածվեցավ։ Յուր կյանքի վերջին օրերը ծածկեց նա Սեպուհ լեռան այրերի անհայտության մեջ։

Նրա որդիներից՝ Արիստակեսը սպանվեցավ Արքեղայոս իշխանից, իսկ Վրթանեսը Աշտիշատի վանքում մի հրաշքով միայն կարողացավ յուր կյանքը ազատել խուժանի կատաղությունից։

Վրթանեսի երկու որդիներից մեկը՝ Գրիգորիսը նահատակվեցավ Վատնյան դաշտում, իսկ մյուսը՝ Հուսիկը սպանվեցավ եկեղեցում Տիրան թագավորի հրամանով, որի փեսան էր։

Հուսիկի երկու որդիները, Պապ և Աթանագինես մի ժամվա մեջ սպանվեցան Աշտիշատի վանքում։

Պապը յուր սեղանի վրա, ճաշի ժամանակ, թունավորեց Աթանագինեսի որդի Ներսես Մեծին, որի բազմաջան աշխատությամբ։ ինքը թագավորական գահն էր բարձրացել։

Մի խոսքով, սկսյալ Լուսավորիչից մինչև նրա վերջին ժառանգը, Սահակ Պարթևը, այդ մեծ հայրապետական տան ներկայացուցիչներից համարյա և ոչ մեկը խաղաղ մահվամբ չվախճանվեցավ, այլ ամենքը զոհ դարձան կամ թագավորի և կամ նախարարների խստասրտությանը։

Զոհ դարձան և այդ ժամանակների նշանավոր եկեղեցականները։

Խոսրովի հրամանով Մանաճիհր Ռշտունին Հակոբ Մծբնա հայրապետի յոթն սարկավագներին Ընձակա լեռան բարձրությունից գահավիժել տվեց Վանա ծովակի մեջ։ Ծերունի հայրապետի աղաչանքն ու արտասուքը անզոր եղան ամոքելու խստասիրտ իշխանի անգթությունը։