Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/173

Այս էջը սրբագրված է

Տիրանը խեղդել տվեց ծերունի Դանիել քահանային, որ Լուսավորչի նշանավոր աշակերտներից մեկն էր։

Արշակը հրամայեց հրապարակի վրա քարկոծել Արշարունյաց Ա Բագրևանդի եպիսկոպոս Խադին, որը Ներսես Մեծի աշակերտը և նրա հայրապետական տեղապահն էր Կ. Պոլիս գնացած ժամանակ։ Ի՞նչ էր այդ աղետավոր երևույթների պատճառը։ Արդյոք նոր կրոնի մաքառո՞ւմը և նրա սաստիկ հակառակությո՞ւնը հեթանոսական վաղեմի սովորությունների և բարք ու վարքերի հետ։

Այդպես էլ բացատրում են հայոց պատմագիրները։

Տրդատ մեծից հետո, նրա բոլոր հաջորդները, բացի Վռամշապուհից, մինչև Արշակունյաց տան անկումը, նկարագրված են որպես վերին աստիճանի անբարոյական անձինք։ Հոգևորականությունը նրանց անկարգ բարք ու վարքը հանդիմանում է, իսկ նրանք զայրանալով սպանել են տալիս հոգևորականներին։- Դրանով է վերջանում պատմության խոսքը։

Բայց նույն պատմությունը անգիտակցաբար երևան է հանում այնպիսի նշմարներ, որոնք հակառակ վկայություն են տալիս, որոնք ստիպում են կատարված չարիքների արմատը որոնել ավելի խորին, ավելի հիմնավոր պատճառների մեջ։

Ինչո՞ւ Արշակունի թագավորները, քրիստոնեությունը ընդունելուց հետո, փոխանակ լավանալու, փոխանակ բարքով ու վարքով ազնվանալու, ընդհակառակն, ավելի խստասիրտ, ավելի եղեռնագործ դարձան։ Քրիստոնեության բարոյական ազդեցությունը չէր կարող այսպիսի հրեշավոր արդյունքներ առաջ բերել։ Վերջապես, ինչո՞ւ Արշակունի թագավորները, դեռ քրիստոնեությունը չընդունած, ավելի բարոյական և ավելի ազնիվ էին։ Տիգրան Բ, Արտաշես Բ, Խոսրով մեծը մարդասիրության և բարձր առաքինության մի-մի տիպարներ էին։ Եվ առհասարակ հայոց հեթանոս թագավորների մեջ՝ չէ կարելի մեկին ցույց տալ, որ բարոյապես այնպիսի այլանդակ կերպով նկարագրված լիներ, որպես Արշակունյաց վերջին քրիստոնյա թագավորները։

Արդյոք բարբարո՞ս էին նրանք, որ անխնա կոտորում էին հոգևորականներին։

Այդ հարցը լուծելու համար՝ պետք է նախ ցույց տալ, թև ի՛նչ էր այն ժամանակ հոգևորականությունը և որպիսի՛ կերպարանք էր ստացել հոգևոր իշխանությունը։

Լուսավորիչը և Տրդատը քրիստոնեությունը Հայաստան