Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/174

Այս էջը սրբագրված է

մտցնելու ժամանակ, նրանց գլխավոր ջանքը եղավ ոչնչացնել հեթանոսական հիշատակարանները և նրանց տեղը քրիստոնեականը հիմնել։ Մեհյանները կործանվեցան , հին աստվածների տաճարները խորտակվեցան և նրանց տեղում քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ հիմնվեցան։ Եկեղեցիներ հիմնվեցան նաև քաղաքներում, ավաններում և գյուղերում։ Վանքերում հաստատվեցան կրոնական միաբանություններ, իսկ եկեղեցիներում՝ աշխարհական քահանաներ։ Հիմնվեցան և դպրոցներ՝ քուրմերի որդիներից և ուրիշներից եկեղեցականներ պատրաստելու համար։

Պետք էր այդ բոլորի գոյությունը ապահովել։

Նորընծա թագավորը , յուր անսահման քրիստոնեական ջերմեռանդությամբ, չխնայեց նոր հիմնված սրբարանների գոյությունը ապահովելու համար՝ սեփականացնել նրանց, իբրև մշտական ժառանգություն, բազմաթիվ գյուղեր, ավաններ, ագարակներ և այլ անշարժ կալվածքներ։ Այդ սրբարանների վրա մնացին և այն մեհենական կալվածքները, որ վայելում էին նրանք հեթանոսական դարերում, այսինքն, երբ տակավին կռապաշտական տաճարներ էին, իսկ հետո քրիստոնեական եկեղեցիների փոխվելով, պահպանեցին իրանց վաղեմի կալվածքները։

Բացի դրանցից, Տրդատը յուր պետության մեջ ընդհանուր օրենք հրատարակեց, որ ագարակ տեղերում (փոքր գյուղերում) «չռրս-չորս հող», իսկ ավաններում (մեծ գյուղերում) «յոթն-յոթն հող» լինի սեփականություն եկեղեցու։ Ամեն մի «հող» մի վերացական չափ էր, որ ստանում էր մի ծուխ, կամ մի գյուղական ընտանիք։ Ուրեմն, եթե յուրաքանչյուր ավանում «յոթն-յոթն հող» տրվում էր եկեղեցուն, այդ կնշանակե՝ այնքան տարածությամբ հող, որ բավական էր յոթն ընտանիքի համար։

Եվ այդպիսով եկեղեցին դարձավ ամենահարուստ կալվածատերը պետության մեջ։

Հարստացան և վանքերը իրանց կալվածքներով։

Որպեսզի փոքր ի շատե շոշափելի գաղափար ստացվի, թե որքան կալվածքների էին տիրապետում վանքերը, բավական է իբրև օրինակ վեր առնել նրանցից մեկը միայն։ Մենք կվերառնենք Տարոնի նահանգում Գլակա կամ Իննակյան կոչված վանքը, որի կալվածքների մասին նրա առաջին վանահայր Զենոբ Գլակը յուր պատմության մեջ թողել է խիստ հետաքրքիր թվանշաններ։ Զենոբ Գլակը, Լուսավորչի նշանավոր գործակիցներից մեկը, և Հ թա հետ Կեսարիայից եկած, ազգով ասորի, մի շատ եռանդոտ