Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/18

Այս էջը հաստատված է

ճանապարհորդ կանհետանար այդ փլատակների տակ, եթե դժբախտություն ունենար հանդիպելու։

Կրկին լսելի եղավ որոտման ահեղ դղրդյունը և նրա հետ անձրևի խոշոր կաթիլները սկսեցին մաղվել երկնքից։ Քամին մռնչում էր և անձրևային տարափը, կարկուտի գնդակների նման, զարկում էր նրա բորբոքված երեսին։ Բայց նա ոչինչ չէր զգում։ Նրա միտքը, նրա զգացմունքները լարված էին դեպի մի նպատակ, որ կլանել էր նրա ամբողջ գոյությունը, որ ամենայն եռանդով առաջ էր մղում նրան, որպես մի մարմնացած փութաջանություն։ Նա շտապում էր մի քանի ժամ առաջ տեղ հասնել, քան կհասներ սև ձիավորը։

Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան։ Այժմ միայն նկատեց, որ ետևի ոտքից կաղում էր նա։ Անշուշտ գետի հոսանքի հետ տարվող կոճղներից մեկը դիպչելով, վնասել էր նրան։ Այդ դեպքը սաստիկ վրդովեցրեց անվեհեր ուղևորին։ Նա շտապում էր։ Իսկ այժմ զրկվեցավ յուր սրընթաց երիվարից։ Ի՞նչ պետք էր անել։ Թողնե՞լ նրան և այնպես ոտքով շարունակել ճանապարհը։ Բայց ինչպե՞ս թողնել այն սիրելի նժույգին, որը այնքան տարիներ թե պատերազմի դաշտում, թե յուր ճանապարհորդությունների ժամանակ լավ ընկեր էր եղել նրա հետ։ Մի քանի րոպե մնաց նա մտածության մեջ։ Հետո թողեց մեծ ճանապարհը, բռնեց մի շավիղ, որ տանում էր դեպի Աշտիշատի վանքը։

Վանքը շատ հեռու չէր այնտեղից. մեկ ժամից հետո հասավ նա։ Դարևոր, նվիրական ծառաստանի խորքում, վաղեմի սրբազան բարձրությունների վրա, հանգչում էր Տարոնի այդ հին սրբավայրը, յուր վսեմ, մեծափառ վեհության մեջ։ Պատսպարված բարձր շրջապարիսպներով և բրգաձև աշտարակներով, գիշերային մթության մեջ ներկայանում էր նա որպես մի անմատչելի ամրոց։ Կատաղի մրրիկը, քամու մռնչյունը, անձրևի տարափը չէր վրդովեցնում նրա խաղաղ բարեպաշտական նիրհը։

Շրջապարիսպներից դուրս, մի առանձին շինվածքի նեղ լուսամուտից լույս էր երևում։ Ուղևորը դիմեց դեպի այն կողմը, մոտեցավ փակ դռներին։ Այստեղ, դռան մի կողմում, փայտյա սյունից քարշ էր ընկած մի տախտակ, իսկ սյունի պատվանդանի մոտ դրած էր նույնպես փայտյա փոքրիկ օթակ։ Ուղևորը վեր առեց օթակը երեք անգամ զարկեց տախտակի վրա։ Կոչնակի ձայնից լուսամուտը բացվեցավ, մեկը ներսից քնաթաթախ գլուխը դուրս մեկնեց և վերևից հարցրեց.

— Ո՞վ ես: