համար, այլ նրանց գրկումն են գտնում թշվառները իրանց ամենամեծ մխիթարությունը։ Այդ էր պատճառը, որ վանքը սիրելի էր ժողովրդին։
Արշակ Բ-ն մի ապաստանի քաղաք հիմնեց, և կարճ միջոցում այնտեղ հավաքվեցան Հայոց աշարհի բոլոր դժգոհները: Իսկ Ներսես Մեծը հարյուրավոր վանքեր հիմնեց և յուր կողմը ձգեց ամբողջ Հայաստանը։
Վանքը հաց էր տալիս, կերակրում էր ժողովրդի աղքատներին, դարմանում էր նրա հիվանդներին, սնուցանում էր նրա որբերին և այրիներին, ուսում և կրթություն էր տալիս նրա զավակներին։ Նա ստանում էր ժողովրդից և տոկոսներով վերադարձնում էր ժողովրդին։ Եվ, վերջապես, ինքը ժողովուրդը այդ վանքի եղբայրության անդամն էր։ — Ժողովուրդը գոհ էր, ժողովուրդը չէր տրտնջում։
Տրտնջում էր թագավորը, տրտնջում էին և նախարարները։
Թագավորը սարսափելով տեսավ, որ յուր պետության մեջ կազմվեցավ մի այլ պետություն — հոգևոր պետություն, որ մեղմ ձեռքով փոքր առ փոքր գրավեց ոչ միայն հողերի մեծ մասը, այլև յուր կողմը ձգեց ժողովրդին։ Նա դարձավ ամենաբարձր և ամենասրբազան հեղինակություն, որի առջև ամեն գլուխ խոնարհվում էր։
Թագավորը սոսկաց, թեև շատ ուշ հասկացավ, որ այդ հեղինակությունը արդեն այն աստիճան ուժ և զորություն էր ստացել, որ յուր ձեռքումն էր պահում արքայական գահը:
Գուցե արհավիրքը այնքան շուտ չէր պայթի, գուցե Արշակունի թագավորները ավելի համբերող կլինեին, եթե հոգևոր իշխանությունը յուր նեղ, հոգևոր սահմաններից դուրս չգար։ Բայց նրանք սկսեցին համարձակ կերպով միջամտություն գործել և կառավարության գործերի մեջ։
Խոստովանության խորհուրդը մի ընդարձակ դուռ բաց արեց հոգևորականության առջև մտնելու ժողովրդի սրտի մեջ։ Խոստովանության միջոցով ծանոթանալով նրա գործերի հետ, հոգևորականությունը սկսեց դատավոր հանդիսանալ նրա հանցանքներին և պատիժներ որոշել։ Պատիժները, որ սկզբում սահմանափակվում էին միայն եկեղեցական ապաշխարանքներհվ, վերջը աշխարհական դատապարտության ձև ստացան։ Ավելացրին թե տուգանք և թե գանահարություն (ծեծ)։
Գանահարությունից ազատ էր մնում միայն ազատանին—