Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

ազնվականությունը, իսկ տուգանքի ենթարկվում էին ամեն դասակարգի անձինք։ Այսպես պատժում էր նա ամեն քրեական հանցավորներին։

Եկեղեցին միջամուխ էր լինում և այնպիսի վեճերի մեջ, որոնք սոսկ քաղաքացիական գործերի բնավորություն ունեին, օրինակ, հողերի բաժանման կամ հափշտակության խնդիրներ և այլն։ Եկեղեցին միջամուխ էր լինում և հարկերի բաշխման ու հավաքման գործերում։ Այդ բոչլորի մեջ ներգործում էր նա ոչ իբրև հաշտարար-միջնորդ, այլ որպես իրավատեր։

Այդ բոլորը ուղղակի հակառակում էին թե թագավորի և թե նրա նախարարների իրավունքներին, որոնք իրա՛նց միայն ճանաչում էին երկրի տերը և դատավորը։

Արշակունի թագավորը սովոր չէր բացի իրանից մի այլ բարձր հեղինակություն ճանաչել։ Արշակունի թագավորը ինքը մի սրբազան էակ էր։ Նրա անձնավորության մեջ միանում էր թե երկնայինը և թե երկրայինը,—թե հոգևորը և թե մարմնավորը։ Բայց քրիստոնեությունը խլեց նրանից այդ սրբազնությունը և տվեց եկեղեցու հայրապետին։ Այդ մոռանաչ չէր կարող նա։

Եկեղեցու հայրապետր համարում էր իրան կատարյալ հոգաբարձու թե յուր հոտի, և թե պետության։ Դժվարին խնդիրներում նա էր բանակցում օտար պետությունների հետ խաղաղության դաշինքներ կռում։ Նա էր դատավոր հանդիսանում, երբ թագավորի և յուր նախարարների մեջ երկպառակություններ էին պատահում։ Մի խոսքով, ամեն հարաբերությունների մեջ ներկա էր նա, և յուր համարձակ ձեռքը մեկնում էր մինչև թագավորի արքունիքը, մինչև նրա ներքին ընտանեկան կյանքը։

Մի անգամ, տարվա տոնախմբությններից մեկի ժամանակ, երբ Տիրան թագավորը յուր ավագանիի հետ կամենում էր եկեղեցին մտնել, նրա առջև դուրս եկավ Հուսիկ կաթողիկոսը, աղաղակելով.— «Ինչո՞ւ ես գալիս, դու արժանի չե՜ս, ներս մի՛ մտիր...»։ Թագավորը այլևս համբերել չկարողացավ, հրամայեց՝ բրածեծ անելով սպանեցին կաթողիկոսին։

Արշակունի թագավորը, որ սովոր էր հանդիսավոր զոհաբերությունների ժամանակ՝ ինքը տաճարի մեջ անձամբ կատարել սրբազան խորհուրդը և հաճեցնել յուր աստվածներին, հանկարծ մի այլ տաճարի դռնից նրան չեն թողնում, որ ներս մտնե, ասելով՝ «արժանի չես․․․»։ Այստեղ նա այն աստիճան խոնարհվեցավ, որ