Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/184

Այս էջը սրբագրված է

ընդունեց մինչև անգամ ցած իջնել սուրբ բեմից և հասարակ Ժողովրդի կարգում կանգնել։ — Այդ տեղին ևս նրան արժան չէին համարում...

Խնդիրը միայն հին և նոր կրոնի համառ մաքառումը չէր։ Խնդիրը կատարյալ տնտեսական էր, կատարյալ տիրապետական էր։ Այստեղ մրցում էին եկեղեցու և պետության միմյանց հակառակ շահերն։ Այստեղ մրցում էին հոգևոր և մարմնավոր իշխանություններն։ Այդ պարզ երևում է այն հանգամանքից, որ երբ Պապ թագավորը յուր սեղանի վրա թունավորեց Ներսես Մեծին, նրա մահից հետո խանգարեց այն բոլոր կարգերը և ոչնչացրեց այն բոլոր հիմնարկությունները, որ կառուցել էր մեծ հայրապետը, և որոնց մասին խոսվեցավ վերևում։

Սկսեց հալածել հոգևորականներին և նրանց թիվը, որ անհամեմատ կերպով աճել էր, պակասացրեց։ Կուսաստանները փակեց, և բոլոր միանձնուհիներին, որ ուխտել էին աշխարհ չմտնել, հրամայեց, որ ամուսնանան։ Բոլոր բարեգործական հիմնարկությունները, ինչպես էին՝ սրբանոցները, ուրկանոցները, անկելանոցները, աղքատանոցները և այլն, — ոչնչացրեց։ Հրաման արձակեց, որ աղքատներին և մուրացկաններին ողորմություն չանեն, ոչինչ չտան։ Այդ, նրա կարծիքով, զարգացնում էր ժողովրդի մեջ, մի կողմից, ծուլություն և ձրիակերություն, իսկ մյուս կողմից, բարձրացնում էր եկեղեցու հեղինակությունը, որ իրան հոգաբարձու էր ներկայացնում ձրիակերներին։

Ոչնչացնելով վերոհիշյալ հիմնարկությունները, ոչնչացրեց նաև այն արդյունքների աղբյուրները, որոնցով պահպանվում էին նրանք։ Նոր օրենքով արգելեց, որ այն «հոգևոր պտուղը» և «տասանորդները», որ վաղ ժամանակներից հետե յուր նախորդները սահմանել էին տալ եկեղեցուն, — այլևս չտան։ Բացի դրանցից, հարքունիս գրավեց եկեղեցական հողերի մեծ մասը։ Յուրաքանչյուր գյուղում Տրդատի հրատարակած օրենքով հատկացրած «յոթն հողերից» թողեց եկեղեցուն «երկու հող» միայն, իսկ հինգը հարքունիս գրավեց։ Եվ այդ «երկու հողերի» համեմատ, ամեն մի գյուղում թողեց երկու քահանա և երկու սարկավագներ միայն, իսկ մնացյալներին հրամայեց, որ զինվորական ծառայության մեջ մտնեն։ Քահանաների և սարկավագների որդիները, եղբայրները, ազգականները, որ մինչև այդ ժամանակ ազատ էին հարկերից, բոլորին հարկատու դարձրեց։ Ամուսնական օրենքները թեթևացրեց։ Կրոնի ազատություն տվեց, որ ցանկացողները կարող