Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/188

Այս էջը սրբագրված է

բարություններով լի է և աջողակ և առողջարար։ Իշխանները կրոնավորասեր են և չարիքներ գործելուց մաքուր, աղքատասեր են և որբերի խնամատարներ, սիրում են հոգ տանել եկեղեցիներին և հոգաբարձու լինել նրանց պետքերին»։

Ահա՚ այսպես կազմվեցան կրոնավորների չորս տարբեր տարրեր։

Բնիկներից 1. պարթևական տարրը, այսինքն՝ Լուսավորչի տոհմը, 2. քրմական տարրը, այսինքն՝ քուրմերի որդիներից առաջացած հոգևորականությունը։

Իսկ օտարազգիներից 3. հունականը և 4. ասորականը։

Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին։

Լուսավորչի տոհմը ուներ յուր սրբազան անցյալը, որ նվիրագործված էր մեծահրաշ և վսեմ ավանդություններով, որ ժողովրդի սրտին և հավատին շատ մոտ էին, որ նրա համար անմոռանալի էին։ Ժողովուրդը պաշտում էր այդ տոհմը և ընդունում էր նրան իբրև ամենաբարձր հոգևոր հեղինակություն։ Այդ էր պատճառը, որ Հայաստանը սիրում էր այդ տոհմի մեջ միայն տեսնել յուր եկեղեցու ներկայացուցչին, նրան միայն արժան էր համարում հայրապետական աթոռը, և միշտ նրա բարերար ձեռքերումն էր փափագում տեսնել յուր ծայրագույն հովվապետի գավազանը։ Այդ զգացմունքներից առաջ եկավ այն ժառանգական կաթողիկոսությունը, որ իջնում էր Լուսավորչի տոհմի մեջ որդվոց որդի։

Եվ այդ հայրապետական տունը, յուր գոյության ամբողջ ընթացքում, միշտ արդարացրեց ժողովրդի թե հավատը և թե նրա փափագները։ Նա միշտ մնաց անբիծ և անարատ, և ամենայն անձնանվիրությամբ կատարեց յուր հանձն առած բարձր հոգաբարձությունը։ Իսկ այդ հոգաբարձությունը որքան սիրելի, որքան հաճելի էր ժողովրդի համար, նույնքան ծանր էր թագավորների համար։ Ամենայն անաչառությամբ սանձահարում էր նա թագավորների մոլությունները և նրանց կամայականություններին սահման էր դնում։ Նա, իրավ, ճնշում էր գործ դնում թագավորների վրա, բայց երբեք գահին չէր դավաճանում։ Հայրենասիրությունը և արքայական թագի պաշտպանության գաղափարը այդ տոհմի գերագույն առաքինություններից մեկն էր։

Լուսավորչի հայրապետական տունը, յուր վեհափառության բարձր դիրքի համեմատ, արքայավայել կացություն ուներ։ Այդ տունը ավելի փայլ ստացավ Ներսես Մեծի օրում։ Թագավորը այնտեղ մտնելու ժամանակ իրավունք չուներ նստելու, մինչև