Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

— Ճանապարհորդ եմ,— եղավ պատասխանը։

Վանքի պարիսպներից դուրս, այդ շինվածքը տարաժամ ճանապարհորդների, օտարականների և պանդուխտների օթևան էր։ Դռնապանը բավականացավ ուղևորի պատասխանով, բաց արեց դռները և ճրագը ձեռին հայտնվեցավ սյամի վրա։

— Դու բոլորովին թրջված ես,— ասաց նա մի առանձին հոգատարությամբ,— ներս համեցիր, ես իսկույն կրակ կվառեմ, քո հագուստը չորացրու։

— Շա՜տ շնորհակալ եմ քո բարեսրտության համար,— պատասխանեց ուղևորը,— բայց ես կխնդրեի քեզանից ընդունել ձեզ մոտ, որպես հյուր, իմ ձիուն միայն:

— Ինչո՞ւ քո ձիուն միայն,— հարցրեց դռնապանը զարմանալով։

— Նա կաղում է, վնասել է ոտքը... իսկ ես պետք է շարունակեմ իմ ճանապարհը։

— Գոնե ներս մտիր, մի փոքր տաքացիր, ես իսկույն կրակ կվառեմ։

— Չեմ կարող... ես շտապում եմ...— պատասխանեց ուղևորը և մոտեցավ ճրագին։

Նա ծոցից հանեց յուր սանդրը, որ կիսալուսնի ձև ուներ, շինված էր գոմեշի եղջյուրից, և ցույց տալով դռնապանին, ասաց.

— Ճանաչի՛ր այդ սանդրը, մի կողմի երկու ատամները կոտրած են. եթե ես չվերադարձա, ով որ քեզ ցույց տալու լինի, ձին նրան կհանձնես։

— Իսկ դու ո՞վ ես, — հարցրեց դռնապանը, փոքր-ինչ կասկածելով։

— Ես զինվոր եմ...— պատասխանեց ուղևորը։

Դռնապանը բավականացավ ուղևորի անորոշ պատասխանով, որովհետև այդ տագնապալի ժամանակներում զինվորի հետ շատ հեռուն գնալ` փոքր-ինչ դժվար էր։

Ուղևորը բաց արեց ձիու թամբին կապած ճանապարհորդական թեթև խուրջինը, ձգեց յուր ուսին և, «բարի գիշեր» ասելով, հեռացավ։

Դռնապանը, ճրագը ձեռին, դեռ կանգնած սյամի վրա, ապշությամբ նայում էր նրա ետևից, մինչև անհետացավ գիշերային խավարի մեջ։ Քամու մռնչյունը խլացրեց նրա վերջին քայլերի ձայնը։

Հեռանալով վանքից, ուղևորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դեպի Ողական ամրոցը։