Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/191

Այս էջը սրբագրված է

ոչ սակավ դժգոհությունների պատճառ դարձավ նրա ժառանգների և Արշակունյաց վերջին թագավորների մեջ։ Այդ թագավորները, որպես հետամուտ էին յինում նախարարների տիրած հողերը սահմանափակել, կամ բոլորովին նրանց տիրապետական իրավունքները ոչնչացնել, — նույնպես աշխատում էին, եթե ոչ բոլորովին գրավել հայրապետական տան կալվածքները, գոնե նրանց չափը զգալի կերպով փոքրացնել։

Մի անգամ Ներսես Մեծը եկել էր Տարոն յուր կալվածքներին այցելություն գործելու, գտնվում էր Աշտիշատի վանքում։ Միևնույն ժամանակ Հայր Մարդպետ իշխանը — թագավորի ներքինապետը — շրջում էր յուր կալվածքներին այցելություն գործելու։ Նրանք հանդիպեցին միմյանց հիշյալ վանքում։ Որքան ևս Ներսես Մեծին հաճելի չէր այ սոսկալի մարդու երեսը տեսնել, այնուամենայնիվ, նրա բարձր աստիճանին վայել ճաշ պատրաստել տվեց։ Թագավորի «Հայր» էր կոչվում այդ ներքինին և, տիրելով արքայական կանանոցի վրա, տիրում էր, միևնույն ժամանակ, և արքայի սրտի վրա։ Այնքան մեծ էր նրա ազդեցությունը, որ նախարարները և՛ ատում էին նրան, և՛ դողում էին նրանից։ Նրա խորհրդովն էր ոչնչացնում Արշակը ամբողջ նախարարական ցեղեր և տիրում էր նրանց կալվածքներին։

Ճաշից առաջ Հայր Մարդպետ իշխանը գոռոզությամբ ճեմում էր գեղեցիկ հրապարակի վրա, որ գտնվում էր վանքի եպիսկոպոսական ապարանքի առջև։ Այստեղից լի նախանձով և բարկությամբ նայում էր նա այն սքանչելի վայրերի վրա, որ պատկանում էին Ներսես Մեծին։ Նրա սիրտը լցվեցավ անհնարին դառնությամբ։ Երբ ճաշի ժամանակ փոքր-ինչ արբեցավ, այլևս չկարողացավ յուր տհաճությունը զսպել։ Սկսեց խորին արհամարհանքով նախատել Տրդատին և առհասարակ Արշակունի թագավորներին, ասելով. — «Ինչպե՜ս այսպիսի արդյունավոր տեղեր տվեցին «կանանցահանդերձ» մարդկանց (այսինքն եկեղեցականներին, որ կանանց նման երկար զգեստներ էին հագնում)... Եվ եթե ես, Հայր Մարդպետս, կենդանի կմնամ և թագավորի մոտ կհասնեմ, այն ժամանակ այդ բոլորը, ինչ որ կա այստեղ, փոփոխել կտամ,— ամեն ինչ հանդգությունը գրավել կտամ, և այս վանքը թագավորական սենյակներ կդարձնեմ...»։

Ներքինապետի հանդգնությունը սաստիկ ազդեց Ներսես Մեծի վրա և նա, բնավ չակնածելով նրա ավագությանը, խստությամբ պատասխանեց․— Մեր տեր Հիսուս Քրիստոսը, որ պատվիրեց