Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/193

Այս էջը սրբագրված է

մի հակաթոռ իշխանություն, որ թուլացնում էր արքայական գահի բարձր նշանակությունը։

Այդ անընդհատ ընդհարումները արդեն թագավորին այն մտքին էին հասցրել, որ պետք էր ազատվել Լուսավորչի տոհմի ճնշումներից և ստեղծել մի նոր կաթողիկոսություն, որ ամեն հարաբերությունների մեջ ենթարկվեր թագավորի իրավասությանը։ Տիրան Բ-ը աոաջինը եղավ, որ ձեռնարկեց իրագործելու այդ նպատակը։ Նրան նպաստեցին մի քանի հանգամանքներ։

Երբ Հուսիկ կաթողիկոսը չարաչար մահվամբ սպանվեցավ նույն իսկ Տիրանից, այդ ժամանակ Լուսավորչի տոհմի մեջ չգտնվեցավ մեկը, որ արժան լիներ հայրապետական աթոռին։ Որովհետև, սպանված կաթողիկոսի երկու որդիները — Պապ և Աթանագինես — ծնված լինելով նույն․ Տիրան թագավորի դուստրից և ամուսնացած լինելով նրա երկու քույրերի հետ, արքայական տան հետ այդքան մերձ ազգակցության պատճառով բոլորովին զինվորական կրթություն էին ստացել և կաթողիկոսության վայել վարք չունեին։ Իսկ Աթանագինեսի որդի Ներսեսը Կեսարիայում դեռ ուսում էր առնում։

Ահա այդ հանգամանքներից օգուտ քաղելով, Տիրանր Փառեն կամ Փառներսեհ անունով մեկին կաթողիկոս ձեռնադրել տվեց, որը Աշտիշատի վանքիցն էր: Նա կատարելապես հնազանդվում էր թագավորին, ամեն գործի մեջ նրա կամքի համեմատ էր վարվում, և մինչև անգամ շողոքորթում էր նրան։

Այդ ժամանակ եկեղեցականների ագահությունը չափ և սահման չուներ։ Պատմությունը թողել է մի քանի զզվելի օրինակներ թե որպիսի՛ անարգ միջոցներով այդ աշխարհը ուրացած և կյանքից հրաժարված աբեղաները աշխատում էին հարստանալ, գյուերի և կալվածքների տեր դառնալ։

Հիշյալ Փառեն կաթողիկոսի որդին էր Հոհան եպիսկոպոս, որ ներկայանում էր որպես մի օրինակելի ագահություն։ Այդ կեղծավորը իրան ցույց էր տալիս վերին աստիճանի ճգնասեր, խստակյաց և անփառասեր։ Հագնում էր ցնցոտիներ, ման էր գալիս կիսամերկ, և մինչև անգամ սանդալներ չէր հագնում, այլ ամառը ոտները պատում էր «հեսկով» (ճիլոպով), իսկ ձմեռը «կեմոմ» (բույսերից հյուսած թոկերով)։

Յուր օտարոտի զգեստավորությամբ շատ անգամ հայտնվում էր Նա արքունիքը և սկսում էր Տիրան թագավորի առաջ զանազան հիմար խաղեր ու կատակներ անել։ Պառկում էր չորս թաթիկներիշ

13 Րաֆֆի, Երկերի ժոդովածու, հ. VII