Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/204

Այս էջը սրբագրված է

էր ամպերի հետ։ Արեգակի ճառագայթները բոլորովին անզոր էին թափանցելու նրա սաղարթախիտ թանձրության մեջ, ուր պահպանվում էր խիստ ախորժելի, խիստ սրտապարար զովություն։ Այնպես էր թվում, որ այդ կղզու ստեղծման օրից մարդկային բարերար ոտքը երբեք չէր շոշափել նրա ամայությունը: Այնտեղ չկային և անասուններ: Երբեմն սպիտակ ճագարը ոստոստալով հայտնվում էր յուր դարանից, երկչոտ կերպով նայում էր յուր շուրջը և դարձյալ անհետանում էր խիտ մացառների մեջ։ Թռչուններն անգամ չէին համարձակվում չափել ծովի անհուն տարածությունը և մերձենալ նրա անհյուրընկալ ափերին։ Միայն աներես ճնճղուկը, մի քանի տեսակ երգեցիկ ծտերի հետ իրանց անհանգիստ ճիչ ու աղմուկով խռովում էին տիրող լռությունը։

Բայց կղզում բնակիչներ կային, թեև նրանց թիվը երեք հոգուց ավելի չէր։

Ահա՛ այնտեղ, ափի մոտ, մեկը նստած է ավազների վրա և անթարթ աչքերը հառած է դեպի ջուրը: Նրա սուր աչքերը թափանցում են մինչև պարզ ու վճիտ հատակը։ Այնտեղ դրած է մի կողով, ձկնորսների ծուղակի նման կազմված մի կողով։ Նա նայում է այդ կողովի վրա։ Քարերի բեկորներից մի բոլորակ պատնեշ է շինված նրա շուրջը, որ ալիքներն իրանց հետ չտանեն։ Այդ բոլորակի մեջ լճացել է ջուրը, որը ծովի հետ հաղորդակցություն ունի արհեստական նեղուցով։

Մի այլ երիտասարդ, առաջինից փոքր֊ինչ հեռու, նստած է նույնպես ավազների վրա և ինչ-որ մի բան է շինում։ Նրա առջև ածած են ամուր կայծքարի մեծ և փոքր կտորտանք։ Նրանցից մեկը բռնած ունի յուր ձեռքում, երբեմն լեսում է, երբեմն հղկում է, մի այլ քարի կտորի վրա քսելով։ Եսկ երբեմն մատով փորձում է, թե որքան սրվեցավ նա։ Նա նմանում էր այն նախնական մարզիկներին, որ մի ժամանակ քարից իրանց համար զենք էին պատրաստում։ Բայց նրա պատրաստածը զենք չէր, թեև տապարի ձև ուներ։ Նա գործիք էր շինում, — և տաշելու գործիք։ Երբ հոգնեցավ, ձեռքը նեցուկ տվեց գլխին, նայում էր դեպի ծովի մույգ-կապտագույն տարածությունը։

Երկու երիտասարդներ ևս լուռ էին և հազիվ խոսում էին միմյանց հետ։ Յուրաքանչյուրը զբաղված էր յուր գործով, յուրաքանչյուրը խորասուզված էր յուր խոկումների մեջ։ Նրանց թերմաշ հագուստը, որ կրոնավորի զգեստի պատկառելի ձևն ուներ, բոլորովին կորցրել էր յուր վայելչությունը։ Պատառոտած ծվենները,