Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/206

Այս էջը սրբագրված է

դեռ քնած էիր, չնկատեցիր) տեսնում եմ` դուրս եկավ յուր քարան- ձավից, ուշիկ քայլերով անցավ մեր մոտով, որ չխանգարե մեր քունը։ Հետո դիմեց դեպի աղբյուրը, որ մի հրաշքով բխեցրեց, երբ այդ կղզում խմելու ջուր չէինք գտնում։ Այնտեղ լվացվեցավ և, ծունր դնելով ավազների վրա, սկսեց կատարել առավոտյան աղոթքը։ Երբ վերջացրեց, վեր առեց տապարը, գնաց անտառը բանելու: Երկար ես լսում էի նրա տապարի ձայնը, որ հնչվում էր մեղմ սաղմոսերգության հետ։ Այլևս քնել չկարողացա: Լույսը բացվեցավ, արևը ծագեց, նա դեռ աշխատում էր։ Եվ մինչև այժմ, որ արևը մտնելու մոտ է, նա դեռ աշխատում է... Չեմ կարողանում առանց արտասուքի նայել նրա վրա, սիրելի Տիրե, որքա՜ն մաշվել է, որքա՜ն ուժաթափ է եղել... Ինչո՜ւ է այդքան հոգնեցնում իրան...

— Շտապում է... շա՛տ է շտապում... Գիտե՞ս, սիրելի Ռոս- տոմ, ո՛րքան ժամանակ է, որ մենք այստեղ բանտարկված ենք... Հիմա ի՞նչեր չեն պատահել մեր աշխարհում... Ո՞վ գիտե, թե ի՞նչ է անում թագավորը, ի՞նչ են անում նախարարները, և կամ այլևս ի՞նչ անկարգություններ է հարուցել Շապուհը... Իսկ մենք ոչինչ տեղեկություն չունենք։ Հիշո՞ւմ ես, որպիսի՛ խռովյալ դրության մեջ թողեցինք մեր երկիրը... Ուրեմն, ինչպե՜ս կարող է համբերել նա։ Նրա սիրտը այնտեղ է — հայրենի աշխարհում։ Նրա անխոնջ ոգին ձգտում է մի րոպեում անցնել օվկիանոսի անհուն տարածությունը, գնալ, հասնել սիրելի երկիրը, և դարման տանել նրա վերքերին։

— Ա՜խ, ե՞րբ պիտի վերջանա այդ նավակը...— ձայն տվեց Ռոստոմը և նրա գեղեցիկ դեմքը մռայլվեցավ խորին թախծությամբ։

— Կվերջանա, շուտով կվերջանա...— պատասխանեց Տիրեն մի առանձին վստահությամբ։ — Առաջիկա լուսինը մեզ այլևս այստեղ չի տեսնի...

Վերջին խոսքերը բավական քաջալերեցին Ռոստոմին և նա, ձեռքը մեկնելով դեպի ընկերը, խնդրեց.

— Տո՛ւր ինձ, փոքր-ինչ օգնեմ քեզ։

— Դու վեր առ այդ մյուս կտորը։

Նա վեր առեց մի կտոր կայծքար, որ դեռևս հարթած չէր, սկսեց հղկել։

— Աշխատանքը նրան այնքան չէ հոգնեցնում, — առաջ տարավ Տիրեն, — նա խիստ փոքր է քնում, համարյա ամենևին չէ