Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/207

Այս էջը սրբագրված է

քնում։ Ես շատ անգամ նկատել եմ, գիշերը վեր է կենում, սկսում է լուռ, մտախոհ կերպով թափառել կղզու շուրջը։ Մի քանի տասնյակ անգամ պտույտներ է գործում, հետո նստում է ծովի ափի մոտ և անշարժ նայում է... նայում է դեպի այն կողմը, ուր թողեց յուր կորցրած փառքը... Նայում է դեպի այն կողմը, ուր անտեր մնաց յուր հոտն ու եկեղեցին... Եվ երկար այնպես նստած է մնում, մինչև արևը ծագում է, և առաջին ճառագայթները հիշեցնում են նրան, թե ժամանակ է կրկին սկսել աշխատանքը...

Ռոստոմի գեղեցիկ դեմքը կրկին մռայլվեցավ։ Քարի կտորը ձեռքից ցած դնելով և յուր տխուր աչքերը դարձնելով դեպի ընկերը, պատասխանեց.

— Անհանգիստ է... անհանգիստ է սրտով... անհանգիստ է հոգով... Այդ դրության մեջ ինչպե՞ս կարելի է քնել։ Նա մեզ մոտ աշխատում է թաքցնել յուր վշտերը, որ մեզ ևս չվշտացնե։ Նա մեզ դեռևս այնքան թուլասիրտ է համարում, որ կարծում է, թե չենք կարող ցավակից լինել իրան։ Եվ այդ պատճառով յուր մխիթարությունը որոնում է լուռ սրտամաշության մեջ...

Նա ձեռքը տարավ դեպի ճակատը, մի կողմ տարավ մազերի խիտ հոսանքը, որ այդ րոպեում ծածկեցին նրա երեսը, և ապա շարունակեց.

— Այդպես ապրել չէ կարելի, Տիրե՛։ Նա խիստ սակավ է ուտում, և համարյա ոչինչ չէ ուտում։ Դրանով բոլորովին կտկարացնե իրան։ Երեկ ասաց ինձ. «Ռոստոմ, որոնիր անտառը, գուցե սունկ կգտնես»։ Ուրախ-ուրախ վազ տվի, որոնեցի և մի քանի հատ գտա։ Բայց արդյոք կուտե՞ նա... Մի քանի օր առաջ խոսում էր թուզերի մասին։ Մի ծառի վրա թուզ էի տեսել, ամեն օր գնում էի, ներքևից նայում էի, արդյոք հասունացե՞լ են, թե ոչ։ Ծառը բարձր էր, մի ապառաժի կուրծքին կպած։ Երեկ վաղ֊առավոտյան գնացի, անհնարին դժվարությամբ վեր բարձրացա և հասունները քաղեցի։ Երբ տերևների վրա դրած տարա, իրան տվի, շատ ուրախացավ և օրհնեց ինձ։ Այսօր տեսնում եմ, ինչպես դրած էր, այնպես էլ մնացել էր, մի հատ անգամ չէր կերել։

— Երևի, մոռացել էր։

— Այո, նա այժմ խիստ շուտ է մոռանում:

— Այդ հասկանալի է...

Երկու երիտասարդների խոսակցությունը երբեմն ընդհատվում էր խուլ տրոփյունով, որ լսելի էր լինում անտառի խորքից։ Տրոփյունը պարբերական ծանր հարվածների էր նմանում։