Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/208

Այս էջը սրբագրված է

— Նա դեռ բանում է։

— Այո՛, բանում է։

— Ի՞նչ ես կարծում, Տիրե՛, այդ լաստափայտը, որ նա շինում է, կարո՞ղ է մեզ հասցնել ցամաքը։ Ես փոքր-ինչ...

— Դու փոքր-ինչ կասկածում ես... Գիտե՞ս, Ռոստոմ, եթե նա յուր վերարկուն տարածե ծովի վրա և ասե մեզ «նստեցե՛ք, գնա՜նք»,— ես մեծ վստահությամբ կնստեի նրա վրա և կգնայի նրա հետ։ Բայց ես մի այլ բան կասեմ քեզ, Ռոստոմ, մենք այնքան հեռու չենք ցամաքից, որքան դու կարծում ես։

— Այդ դու որտեղի՞ց գիտես։

— Նա ինքն ասաց ինձ։ Մի անգամ նկատեց մի քանի թռչուններ, որ դիմում էին դեպի մեր կղզին։ Այդ թռչունները ծովային թռչուններ չեն,— ասաց,— դրանք ցամաքիցն են դալիս. ցամաքը շատ հեռու չէ մեզանից»։

Ռոստոմը մտածության մեջ ընկավ։

— Այդ բոլորովին ուղիղ նշան է, — ասաց նա, ինքն ևս համոզվելով։— Բայց մեզ ժամանակ չէ՛ խրճիթը գնալու:

— Գնանք, կրակ վառենք, ընթրիքի համար մի բան պատրաստենք, մինչև նա կգար, — պատասխանեց Տիրեն և սկսեց հավաքել յուր շինած քարե գործիքները։

Ռոստոմը կրկին դիմեց դեպի յուր կողովը, քաշեց ճապուկ ճյուղերից հյուսած պարանը, որի ծայրին կապած էր նա, և կողովը մոտեցրեց եզրին։ Հետո ձեռքը տարավ նրա մեջ, սկսեց դուրս հանել ձկները և լցնել փոքրիկ սապատի մեջ։ Երբ դարձյալ ձեռքը ներս տարավ, դուրս հանեց երկու խեցգետիններ։ «Դուք ինչպե՞ս մոլորվեցաք, ընկաք այստեղ», — ասաց, նրանց ևս ձգեց ձկների մոտ։ Երբ այն գիշերվա ընթրիքի պաշարը արդեն հավաքել էր, նա կողովը կրկին ետ մղեց յուր տեղը և, սապատը վեր առնելով, հեռացավ ծովեզրից։ Երկու ընկերներ, շարունակելով ընդհատված խոսակցությունը, սկսեցին դիմել դեպի խրճիթը։

Անտառի այն կողմում, որտեղից լսեյի էր լինում տրոփյունի ձայնը, գործում էր այն անձը, որի մասին խոսում էին երկու երիտասարդները։

Դա մի բարձրահասակ մարդ էր, պատկառելի դեմքով և խորին, վեհանձնական հայացքով։ Փառավոր մուրուքը, որի յուրաքանչյուր մազերը փայլում էին սև սաթի նման, ծածկում էր նրա հզոր կուրծքը։ Աչքերի մեջ վառվում էր սրբազան կրակ։ Գեղեցիկ էր եղել նա իբրև երիտասարդ, այժմ տակավին գեղեցիկ էր մնացել