Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/21

Այս էջը հաստատված է

իբրև մի լայնածավալ, նախշուն գորգ: Այդ կանաչազարդ գորգի վրա սփռված էին Տարոնի բազմաթիվ գյուղերը, ավանները, հոյակապ քաղաքները։ Ահա՛ Մուշը խորին պատկառանքով բազմած է Տավրոսի լանջաց վրա։ Ահա' Մեղտի գետի օձապտույտ ափերի մոտ երևում են Օձ քաղաքի բարձր աշտարակները։ Ահա՛ Վիշապ քաղաքը, վիշապի լայն բերանի պես բացված ահարկու դռներով։ Ահա՛ Կավկավ քաղաքը... Ահա՛ սպիտակ Ձյունակերտը...

Արածանին կես է կիսում Մուշի լայնատարած դաշտավայրը։ Նրա արգավանդ ափերի մոտ, բացի բնիկներից, ապրում էր մի ժողովուրդ, որ ասպնջականություն էր գտել այստեղ Գանգեսի ափերից, և հնդիկ ժողվրդի արորի խոփը փայլում էր հայոց արեգակից, և հնդիկ հերկավարի հայկական երգը հնչեցնում էր Տարոնի լուսապայծառ առավոտի լռությունը։

Արածանիի ափերի մոտ ապրում էր և մի այլ ժողովուրդ, որ հյուրասիրվել էր այստեղ Հոանգոյի ափերից, և դեղնակաշի սինեացին, բոլորովին հայկական դեմք ստանալով, մշակում էր հայոց երկիրը։ Նրանց բազմաթիվ անասունները արածում էին Արածանիի շամբուտ ափերի մոտ, նրանց գեղեցիկ կանայքը քորոցներով «որդան կարմիր» էին հավաքում կանաչ, ցողազարդ մարգագետիններից, որ իրանց նուրբ ձեռագործներով զարդարեն հայոց իշխանազունների ապարանքները։

Զայրացած է այս առավոտ Արածանին։ Բայց նրա զայրույթը մայրական է, չէ վախեցնում հարազատ որդուն։ Ահա նրա զորեղ կոհակները տանում են իրանց հետ մի ամբողջ նավատորմիղ — նախնական մարդու նավատորմիղը։ Բարեկամները ափերի մոտ կանգնած «հաջողություն» են բարեմաղթում։ Նավորդները գետի միջից «մնաք բարյավ» են ասում։ Եվ թեթև մաշկապատ նավակների խումբը, բեռնավորված հայոց երկրի բարիքներով, լողում է դեպի հեռավոր աշխարհ, դեպի Բաբելոն։ Նավորդների երգը, նրանց ուրախաձայն աղաղակները, միախառնվելով գետի խուլ որոտման հետ, թնդեցնում են շրջակայքի խորին անդորրությունը։

Մուշի դաշտավայրը, չորեքկողմից շրջապատված լինելով բարձր լեռներով, այդ բնակրսն ամրությունները, հսկայական շրջապարիսպի նման, պաշտպանում էին երկիրը թշնամու հարձակմունքներից։ Բացի բնական ամրություններից, նույն լեռների բարձրավանդակների վրա դրած էին Տարոնի իշխանների անմատչելի