Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/211

Այս էջը սրբագրված է

Ոսկեհուռ զգեստներով, գոհարազարդ կամարը մեջքին, ոսկեպատյան սուրը ձեռքում, միշտ կանգնած է լինում արքայի սնարքում, երբ նա հանդիսավոր ընդունելություններ էր անում։ Մոր կողմից թագավորազն, իսկ հոր կողմից մի աշխարհի մեծ քահանայապետի թոռն էր նա։ Եղավ, որ այդ աշխարհը զրկվեցավ յուր քահանայապետից։ Հավաքվեցավ ավագանին, հավաքվեցավ ազատանին, հավաքվեցան և իշխանները։ «Մեզ քահանայապետ տուր,- ասում էին արքային։ Արքան յուր ձեռքով հանեց ոսկեհուռ զգեստները, յուր ձեռքով արձակեց գոհարազարդ կամարը, յուր ձեռքով առեց ոսկեպատյան սուրը և, նրան ժողովրդին տալով, ասաց.- «Ահա ձեր քահանայապետի զավակը, թող ձեզ քահանայապետ լինի»։ Ուրախացավ ավագանին, ուրախացավ ազատանին, ուրախացան և իշխանները։ Բայց երիտասարդը հրաժարվում էր, ասելով, թե ինքը արժան չէ այդ սուրբ պաշտոնին։ Խնդրում էր ավագանին, խնդրում էր ազատանին, խնդրում էին և իշխանները։ Երիտասարդը դարձյալ հրաժարվում էր։ Չլսեց արքան, ականջ չդրեց խոսքերին։ Կանչեց սափրիչին, հրաման տվեց՝ կտրել սիրուն գիսակները և գանգրահեր վարսերը, որ զարդարում էին նրա գլուխն ու թիկունքները։ Երբ կտրում էին, լաց էր լինում ավագանին, լաց էր լինում ազատանին, լաց էր լինում և արքան։ Գեղեցկությունը զրկվեցավ յուր շքեղությունից, պալատական վայելչությունը ծածկվեցավ կրոնավորի սև զգեստի ներքո․․․

Որպես զինվորական, նա քաջ էր և ազնիվ, որպես պալատական, նա արքունիքի զարդն էր, իսկ որպես հոգևորական, նա եղավ եկեղեցու զարդը։ Իբրև մի ջահ լուսապայծառ, լուսավորեց նա աստուծո տունը։ Աշխարհը չցվեցավ երջանկությամբ։ Քաջ զինվորականը դարձավ քաջ հովիվ և յուր անձը դրեց յուր հոտի վրա։ Աղքատը հաց ուներ ուտելու, հիվանդը ապահով պատսպարան։ Որբը սնուցանող հայր ուներ, իսկ այրին՝ խնամող ձեռք։ Ամենուրեք թագավորում էր գթությունը, ամենուրեք տիրում էր ողորմածությունը։ Նեղյալների հայր եղավ նա և սրբեց թշվառների արտասուքը։

Իբրև կրոնավոր, աստվածանման էր նա, իսկ իբրև քահանայապետ, էր, միևնույն ժամանակ, մի բարձր պետական անձնավորություն։ Մեծ եռանդով կառավարում էր յուր աշխարհի գործերը և նրանց կանոնավոր ընթացք էր տալիս։ Կարգը նրանով էր հաստատվում, իսկ անկարգությունը նրա ջանքերովն էր անհետանում։ Զորավոր ձեռքով արմատախիլ էր անում չարությունը, և բարերար