Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/216

Այս էջը սրբագրված է

ևս բանում է։ Գնա՛, հանգստացիր, ասա, որ նա ևս հանգստանա։

Սարկավագը գլուխ տվեց և հեռացավ։ Նա վեր կացավ մահճակալի վրայից, մոտեցավ սեղանին, նստեց նրա մոտ։ Ոզնիկները մերձեցան նրա հագուստի քղանցքներին և մի առանձին մտերմությամբ սկսեցին քծնվիլ։ Նա վեր առեց խորոված շագանակներից մի-մի հատ և մոտեցրեց նրանց բերաններին։ Նրանք ուրախությամբ խլեցին անուշ պատառները և մեծ ախորժակով սկսեցին կրծոտել։

Մի քանի հատ ևս ինքը կերավ։ Բայց նա ավելի հոգ էր տանում յուր երկու սեղանակիցներին, քան թե յուր մասին էր մտածում։ Երբ նրանք կշտացան, քաշվեցան իրանց խորշը և մինը մյուսի մոտ կծկվելով, սկսեցին ննջել։

Նա մնաց միայնակ, սեղանի մոտ նստած։

Եղևինի տաշեղները, որ մոմի փոխարեն վառվում էին, արդեն սպառվելու վրա էին։ Քարանձավի մեջ խավարը հետզհետե թանձրանում էր,- մի թախծալի խավար, որ գերեզմանների մեջ է թագավորում։ Դրսից լսելի էր լինում ալիքների խուլ ձայնը։ Ծովը անհանգիստ էր։ Քամին շառաչելով անցնում էր ծառերի կատարների վրայով, որ հեծում և հառաչում էին նրա ուժգին հարվածների ներքո։ — Այդ բոլորը տրամադրում էր դեպի տխրություն, դեպի հոգեկան խորին վրդովմունք։

Նա դեռ նստած էր սեղանի մոտ և, հենված աջ ձեռքի վրա լսում էր, թե ինչ է կատարվում դրսում։

Երբեք բարկությունը չէր դուրս կոչել նրա շրթունքներից մի հուսահատական բառ․ երբեք նրա առաքինի սիրտը չէր արտահայտել ամենափոքր տրտունջ անգամ յուր վիճակից։ Ոգևորված երկնային մխիթարությամբ, նա միշտ իրան բարձր էր պահել կենցաղական դժբախտ արկածների վհատությունից, և միշտ անվեհեր վստահությամբ հավատացել էր յուր աստղին։ Իսկ այս գիշեր ներ¬ քին վրդովմունքը դուրս կոչեց նրա սրտի խորքից հետևյալ խոսքերը․

«Ապերա՜խտ Բյուզանդիոն, քո վարմունքը աններելի կմնա իմ սրտում․․․ Դու վատությամբ վարձատրեցիր իմ հայրենիքի մատուցած ծառայությունները․․․ Քանի, քանի անգամ մենք հեռացրինք քո գլխից պարսկական սոսկալի սուրը․․․ Քանի, քանի անգամ ազատեցինք քեզ ամոթալի անկումից․․․ Իմ հայրենիքը մի անխորտակելի վահանի պես միշտ պատսպարեց քեզ արևելյան խուժադուժների, արշավանքներից․․․ Իմ հայրենիքը կրեց բարբարոսների