Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/217

Այս էջը սրբագրված է

հարվածները և քեզ ողջ պահեց․․․ Ի՞նչն էր ստիպում մեզ անել այդ։ — Քրիստոնեական եղբայրությունը։ Մենք թողեցինք հեթանոս պարսկին և քո ձեռքը բռնեցինք։ Իսկ դու միշտ դավաճանեցիր մեզ․․․ Մենք դարձյալ քրիստոնեական ներողամտությամբ մոռանում էինք բոլորը։ Իսկ դու չէիր զղջանում, որովհետև խաբեբայությունը քո քաղաքականության հենարանն էր․․․ Վերջը քաղաքական գործի մեջ դու խառնեցիր կրոնական խնդիրներ։ Կամեցար մեզ Արիոսի մոլորությունների մեջ ընկղմել․․․ Ես, իմ ընդդիմության համար, դատապարտվեցա և աքսորվեցավ․․․ Բայց նախախնամության աջը երկար չի թողնի աքսորյալին այստեղ․․․ Երբ նա ոտք կդնե հայրենի հողի վրա, դու կկրես քո պատիժը, նենգավո՜ր Բյուզանդիոն․․․»։

Եղևինի տաշեղների վերջին կայծերը պլպլացին, պլպլացին և, վերջապես, հանգան: Մելամաղձոտ խավարը կրկին տիրեց անձուկ քարանձավի մեջ։ Նա դեռևս երկար նստած էր քարե սեղանի մոտ, և նրա տխուր մտածությունները թռչում էին դեպի այն երկիրը, որ սիրում էր նա, և որին նվիրված էր յուր հոգու բոլոր զորությամբ։

Այսպիսի շատ գիշերներ, անքո՜ւն, սրտամա՜շ գիշերներ, հանդիպում էին Պատմոսի հզոր աքսորյալին - հայոց սուրբ քահանայապետ Ներսես Մեծին, - որին պաշտում էր Հայաստանը, որին սպասում էր Հայաստանը․․․



II


ԱՆՈԻՇ ԲԵՐԴ

Անունը Անուշ, ինքը լի դառնություններով․․․

Եկբատանից դեպի Տիզբոն տանող ճանապարհի մի կողմում բարձրանում է մի սեպաձև քարաժայռ։ Նրա լայն, վիմային ստորոտը բռնում է բավական ընդարձակ տարածություն, որի վրա, որպես մի հաստահիմն պատվանդանի վրա, բնությունը դրել է հիշյալ քարաժայռը։ Մի ափ հող անգամ անկարելի է գտնել նրա լերկ, ապառաժային մակերևույթի վրա։ Մի հատ բույս անգամ չէ բուսնում նրա ամուր, քարեղեն կողքերի վրա։ Հարավային բոցակեզ արեգակը այրել, թրծել է նրան, որպես մի անոթ, որ դրած է բրուտի մշտավառ քուրայի մեջ։