Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/22

Այս էջը հաստատված է

բերդերը և նրանք ահռելի ամրոցները, որպիսիք էին` Եղնուտը, Մեծամոր ամրոցը, Աստղաբերդը, Այծից բերդը և Ողականը։

Աշտիշատի վանքից շատ հեռու չէր Ողական ամրոցը. նա կանգնած էր Քարքե լեռան ապառաժների վրա և խրոխտ, վեհապանծ դեմքով նայում էր դեպի յուր ստորոտով հոսող Արածանին։ Զանազան գաղտնի անցքեր, ստորերկրյա ճանապարհներով, իջնում էին ամրոցի բարձրությունից կամ դեպի գետը, պաշարման ժամանակ ջուր ստանալու համար, և կամ տանում էին դեպի անտառի խորքերը, դրսի հետ գաղտնի հաղորդակցություն ունենալու համար։ Այդ անցքերի մուտքերը հայտնի էին միայն ամրոցի տերերին։ Ամրոցի բարձր շրջապարիսպը, ահագին բուրգերը, բարձր աշտարակները դարերով մարտնչում էին բնության արհավիրքի և թշնամու հարձակման դեմ, և միշտ մնում էին անպարտելի։ Նա հովանավորված էր հին, հսկա կաղնիներով, որոնց վերամբարձ կատարները մրցում էին ամպերի հետ։

Այդ ամրոցը ամենահին ժամանակներում, Քրիստոսից շատ դարեր առաջ, պատկանում էր Սլկունյաց իշխաններին, որոնք Տարոնի նախկին տերերն էին։ Իսկ Վաղարշակ Ա-ի օրերում, Քրիստոսից 150 տարի առաջ, Սլկունիները ավելի նշանակություն ստացան, որովհետև Վաղարշակը, հայոց բոլոր նախարարությունները կարգի դնելով, Սլկունիների քաջ և որսորդության մեջ հաջողակ իշխաններին ևս նախարարությանց կարգն անցուց և նրանց հանձնեց արքունի որսորդության գլխավորությունը։ Բայց Տրդատի օրերում, 320 թվին, Քրիստոսից հետո, Սլկունիները ապստամբվեցան թագավորի դեմ։ Տրդատը խոստացավ, թե Սլկունիների ամբողջ ժառանգությունը, Տարոնը, նրան կնվիրե, եթե մեկը կձերբակալե ապստամբ Սլուկին։ Ճենացի Մամգուն իշխանը հանձն առեց կատարել թագավորի ցանկությունը և դավաճանությամբ սպանեց Սլուկին։ Նրա բոլոր տոհմը սրի ճարակ եղավ Ողական ամրոցի մեջ։ Իսկ Մամգունը այդ ծառայության համար ստացավ, որպես ժառանգություն, թե Ողական ամրոցը և թե Տարոնը։ Մամգունից առաջ եկավ Մամիկոնյան մեծ նախարարությունը, որոնք որդոց որդի ժառանգեցին Տարոնը։

Այս առավոտ, դեռ լույսը չծագած, երկու անձինք մուտք գործեցին Ողական ամրոցում։ Մեկը առջևի մեծ դռնից, մյուսը անտառի մեջ թաքնված գաղտնի անցքից։ Առաջինը սև ձիավորն էր, իսկ երկրորդը՝ կապուտակ ձիավորը։