Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

— Ո՞ւմ հարսանիքն է։

— Թագավորի։

— Ո՞ւմ հետ։

— Անուշի հետ։

Նա այլևս չխոսեց, շանթահարի նման ցնցվեցավ և մնաց անշարժ։ Հետո վեր կացավ և անզոր, դողդոջուն ոտներով սկսեց բարձրանալ դեպի յուր հրաշակերտած ապարանքը։ Նայեց յուր շուրջը, վերջին անգամ յուր թախծալի հայացքը դարձրեց այն բոլոր շինվածքների վրա, որ արդյունք էին ջերմ սիրո և գեղեցիկ արհեստի։ Եվ ապա մտավ յուր արհեստանոցը։ Այնտեղ դրած էին նրա գործիքները։ Վեր առեց մի ծանր մուրճ և դուրս եկավ փոքրիկ հրապարակի վրա։ — «Նա ինձ դավաճանեց,- ասաց և նետեց մուրճը օդի մեջ։ Մուրճը պտույտվեցավ և ընկավ ուղիղ նրա գլխի վրա։ Տաք արյունը սրսկեց այն սքանչելիքները, որ նրա ճարտար ձեռքի գործն էր․․․

Ֆարհադը չհասավ յուր նպատակին, բայց նրա սիրելի Անուշի անունը մնաց այդ քարեղեն ամրոցի վրա և կոչվեցավ Անուշի բերդ։

Այդ վիմափոր, կոփածո ապարանքը, որ պատրաստված էր սիրո և հավիտենական երջանկության տաճար լինելու համար, հետո դարձավ արտասուքի և մշտական հեծության մի դժոխք։ Պարսից վերջին թագավորները աքսորում էին այնտեղ իրանց ձեռքը գերի ընկած մյուս թագավորներին։


Կեսօր էր, բայց Անուշ բերդի վիմափոր նկուղներից մեկը, օրվա պայծառ լուսավորության ժամանակ, դեռ պահպանում էր յուր մեջ խորին մռայլ և մթություն։ Վերևից, առաստաղի մոտ, բացված էր մի նեղ պատուհան, որ ավելի ծակի նմանություն ուներ, քան թե լուսամուտի։ Արեգակի բարակ շողքը, որ երկչոտ կերպով ներս էր ցոլացել այդ ծակից, կարծես վախենում էր ներսի խավարից և չէր համարձակվում փոքր-ինչ ավելի տարածվել։ Նկուղը ներկայացնում էր մի քառակուսի, փոքր-ինչ երկայնաձև արկղ, քան թե սենյակ,-բայց քարեղեն արկղ։ Քար էր հատակը, քար էր առաստաղը, քարից էին չորեքկողմի պատերը,- միակտուր և միապաղաղ քարից։ Մի այլ նյութ խառնված չէր նրա վիմային կազմության մեջ, բացի երկաթյա ծանր դռնից, որ դարևոր Ժանգից