Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/222

Այս էջը սրբագրված է

սևացել, մրճոտել էր և նույն քարի մույգ-աղյուսագույն երանգն էր ստացել։

Երկաթյա դռան հակառակ կողմում, հատակի մեջ, ամրացած Էր նույնպես երկաթյա հաստ ցից։ Դա նույն ցիցերի նմանությունն ուներ, որոնցից ծովեզերքում կապում են նավակներին։ Բայց դրանից կապված էր մի մարդ։ Ցցի գլխին կար մի շարժական օղակ, որ միանում էր ծանր շղթայի ծայրի հետ։ Իսկ շղթայի մյուս ծայրը փակված էր երկաթյա ստվար անուրի հետ, որ անց էր կացրած այդ մարդու պարանոցով։ Շղթայի երկարությունը չափում էր այն սահմանը, որի մեջ կարող էր այդ մարդը շրջել, առանց թույլ տալու նրան մինչև դուռը հասնել։ Այդ դրության մեջ նա նմանում էր մի առյուծի, որ փակված էր երկաթյա գառագղի մեջ: Երկու ձեռքերի բազուկները կապված էին շղթայով։ Ոտները նույնպես ազատ չէին երկաթյա կապանքներից։

Այդ մռայլ նկուղի մեջ, նույն շղթան, նույն երկաթյա ստվար անուրը մի ժամանակ կրում էր յուր պարանոցին հռոմայեցոց Վալերիանոս կայսրը, որ դերի էր ընկած Շապուհ Ա-ի ձեռքում։ Երկնքի և արեգակի որդին վարվում էր յուր օգոստափառ գերիի հետ որպես մի բարբարոս։ Ամեն անգամ, երբ նա որսի էր գնում, դուրս էին բերում դժբախտ բանտարկյալին, լվանում էին, օծում էին, հագցնում էին կայսերական ծիրանին և հանդիսավոր կերպով կանգնեցնում էին արքունիքի դռան մոտ։ Դուրս էր գալիս արևի որդին, կայսրը մեջքը խոնարհեցնում էր, նա, յուր ոտքը դնելով նրա մեջքի վրա, հեծնում էր ձին։ Եվ այդպես, ամեն անգամ նա յուր գոռոզ ոտքի տակ խոնարհեցնում էր Հռոմը․․․ Այդ բոլոր անարգանքներից հետո, սպանել տվեց նրան և կաշին տկահան անելով, լցրին խոտով և, ի ցույց ամենեցուն, կախեցին Տիզբոնի մեծ տաճարի պատից։

Շապուհ Ա-ն այդ երկաթյա անուրը դրեց Վալերիանոս կայսրի պարանոցին։ Իսկ Շապուհ Բ-ը նույն անուրը դրեց մի այլ թագավորի պարանոցին, որ այժմ գտնվում էր նույն քարեղեն նկուղի մեջ։

Այնտեղ կար և մի այլ մարդ, որ մի անկյունում, անշարժ արձանի նման, կանգնած էր քարե պատվանդանի վրա և անթարթ աչքերով նայում էր առաջինի վրա։ Ոչ մի մկնակ, ոչ մի նշույլ կենդանության չէր շարժվում նրա ցամաք դեմքի վրա, որ դեղնել և մագաղաթի գույն էր ստացել։ Մեջքին կրում էր սպարապետական ոսկեպատյան սուրը, որի կոթը բռնել էր աջ ձեռքով և որով այնպիսի