Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/224

Այս էջը սրբագրված է

Նա դարձավ դեպի յուր հետ եկած ծառան, հրամայեր, որ անկողինը փոխե։

Ծառան մոտեցավ, հավաքեց անկյունում տարածված հարդը, որը խոնավությունից տամ կացել էր և թաղիքի նման կպել էր հատակին։ Նրա փոխարեն դրեց նոր և ավելի ցամաք հարդ։

— Անուշահամ խորտիկներով կճոխացնեմ այսօր իմ տեր թագավորի սեղանը, - ասաց նա, կրկին դառնալով դեպի բանտարկյալը։ — Թո՛ղ նա չմտածե, թե արիք (պարսիկները) անհյուրասեր են, թո՛ղ նա մոռանա այն բոլորը, ինչ որ կորցրել է յուր արքունիքում։

Ծառան դրեց հարդյա անկողնի մոտ մի կտոր գարեհաց և մի կոտրած խեցեղեն անոթի մեջ ջուր։

— Բարի ախորժակ եմ ցանկանում, ողջ լերո՛ւք, տեր արքա,- ասաց նա և, գլուխ տալով, հեռացավ։

— Լի՜րբ․․․ - այս անգամ միայն մռնչաց բանտարկյալը։

Երկաթյա դուռը կրկին փակվեցավ, և նա մնաց միայնակ յուր քարեղեն նկուղի մեջ։

Մի քանի անգամ լռությամբ անցավ նա մի անկյունից դեպի մյուսը, հետո կանգ առեց և դարձավ դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ արձանը․

— Լսո՞ւմ ես, Մամիկոնյան տեր, ինչպե՜ս ամեն րոպե խոցոտում են քո թագավորին, ինչպե՜ս ամեն վայրկյան դառնացնում են նրա սիրտը։ Պարսիկը, ամեն վեհանձնությունից զուրկ պարսիկը, սովոր է յուր տան մեջ վիրավորել յուր հյուրին։ Ինչո՛վ է մեղավոր այդ ողորմելի զեռունը, որ ամեն անգամ այստեղ մտնելիս՝ լրբենի բերանով լուտանքներ է կարդում։ Նրան հրամայել են, նրան պատվիրել են։ Ցա՜ծ և անա՜րգ Շապուհ, մինչև ա՛յդ աստիճան վատություն։ Ես չընկա քո ձեռքը պատերազմի դաշտում, դու իմ քաղաքները պաշարելով գերի չվարեցիր ինձ։ Դու ինձ հրավիրեցիր քո մոտ իբրև հյուր և քո ասպնջակությունը խաբեությամբ պսակեցիր։ Դավաճա՜ն․․․ Մի՛թե դրա մեջն է թագավորի և արքայից արքայի մեծությունը՝ նենգավոր բարեկամությամբ պատրել յուր դրացուն և դաշնակցին և նրան որոգայթի մեջ ձգել․․․ Ինչե՞ր չէիր առաջարկում դու ինձ, ինչե՜ր չէիր խոստանում դու ինձ։ Առաջարկում էիր քո դուստրը կնության տալ ինձ, խոստանում էիր իմ պետության սահմաններից մինչև քո մայրաքաղաքը Տիզբոն յուրաքանչյուր իջևանում մի-մի պալատ կառուցանել ինձ համար, որպեսզի ես, մոտ գալու ժամանակ, ճանապարհին իմ սեփական