Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/225

Այս էջը սրբագրված է

պալատների մեջ իջևանեի։ — Ահա՛ քո խոստմունքը, այդ քարեղեն նկուղը նվիրեցիր ինձ այն պալատների փոխարեն․․․ Թո՛ղ հավիտենական անեծքով ծածկվին իմ նախարարները թո՛ղ ամոթը և մշտական ապաշավանքը լինի նրանց բաժինը․․․ որ ինձ այս դրության մեջ դրեցին․․․ Եթե նրանց անմիաբանությունը չլիներ, ես երբեք չէի ընկնի քո ծուղակի մեջ, նենդավո՛ր Շապուհ․․․

Նա խոսում էր, նա թափում էր զայրացած սրտի դառնությունը, բայց Մամիկոնյան տերը չէր լսում։ Նա ընկողմանեցավ նոր սփռած հարդի վրա և շարունակեց նայել դեպի անշարժ արձանը։ Տխուր հիշողությունները զարթեցրին նրա մեջ վաղեմի դեպքը։ Երբ մի անգամ ինքը մտավ Շապուհի ասպաստանը՝ արքայական նժույգները տեսնելու, այն ժամանակ ախոռապետը, պարսկական լրբությամբ, վեր առեց մի խուրձ խոտ և, առաջարկելով նրան, ասաց․ «Հայոց այծերի արքա, եկ նստի՛ր այս խոտի վրա»։ Լրբությունը իսկույն պատժվեցավ։ Այդ հզորը, որ այժմ յուր քարե պատվանդանի վրա կանգնած խորին սառնասրտությամբ լսում էր բանտապետի դառն պարսավները, քաշեց սուրը և ախոռապետի գլուխը երկու մասն բաժանեց։ Այժմ դարձյալ նա ձեռքը նույն սրի վրա էր դրել, բայց ձեռքը չէր շարժվում․․․

— Ծա՜ղր․․․ խիստ կծո՜ւ կատակ․․․-բացականչեց բանտարկյալը խորին վրդովմունքով և վեր կացավ նստած տեղից։— Իմ աչքի առջև դրել են Հայաստանի զորությունը․․․ նրա զինվորական և պատերազմական ներկայացուցչին․․․ իմ աչքի առջև դրել են այն հերոսին, որ մշտական սարսափի մեջ էր պահում ամբողջ Պարսկաստանը․․․ Դրել են, որ նա, իբրև հարաժամ հանդիմանություն, ամեն րոպե, ամեն վայրկյան հիշեցնե ինձ, թե ի՞նչ եմ կորցրել ես․․․ Բայց մի՞թե այդ քաջը իմ պես պարսկական ստոր նենգավորության զոհը չդարձավ․․․ միթե նա ընկավ պատերազմի դաշտում․․․

Նա ձեռքերը տարածեց, մի քանի քայլ փոխեց, աշխատում էր ղրկել անշարժ արձանը։ Բայց շղթաները արգելեցին։

— Սիրելի՜ Վասակ, - գոչեց նա գորովալի ձայնով, - ամենքը դավաճանեցին ինձ, ամենքը թողեցին ինձ, բայց դու չբաժանվեցար քո թագավորից․․․ Դու մասնակից էիր նրա փառքին, մասնակից եղար և նրա դժբախտությանը․․․ Պարտքը, պատիվը, հայրենիքի սերը մղեցին քեզ դեպի անձնազոհություն․․․ Եվ, իբրև ճշմարիտ հերոս, դու հերոսի պես պսակեցիր քո վախճանը․․․

Անշարժ արձանը, որին դիմում էր նա այդ խոսքերով, հայոց

15 Րաֆֆի, երկերի ժողովածու, հ․ VII