Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/228

Այս էջը հաստատված է

կսկսեն ավել ածել պարսից արքունիքի մարմարյա սալահատակի վրա... Բայց իմ կի՜նը... իմ որդի՜ն...

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա ամուր ձայնը դողդողաց, դողդողացին և ծնկները, և նա հազիվհազ կարողացավ յուր հսկայատիպ իրանը բաց թողնել հարդի կույտի վրա։ Երկու ձեռքով բռնեց աչքերը, և արտասուքը ջերմ հոսանքով թանում էր դժբախտ թագավորի շղթայակապ ձեռքերը...

Քանի՛ քանի՛ այդպիսիները այդ վիմափոր բերդի մթին խորշերում նույն տառապանքների մեջ մաշվում, տրորվում էին։ Ո՛րքան թագավորներ, ո՛րքան թագավորազներ կլանել էր այդ բերդը և, անհագ վիշապի նման, երբեք չէր կշտացել։ Ո՛րքան ևս հեծում, հառաչում էին նրա անգութ, քարեղեն սրտում։ Մի անգամ այնտեղ ընկնողը կորչում, անհետանում էր հավիտենական մոռացության մեջ։ Իզուր չվաստակեց նա Անհուշ անունը, որ անհիշելի խավարի մեջ, որպես մթին գերեզմանում, թաղում էր յուր դատապարտյալների տխուր հիշատակը...

Միևնույն քարեղեն նկուղի մեջ, միևնույն շղթաներով, որ այժմ կապված էր որդին, մի ժամանակ կապված էր հայրը — հայոց Տիրան թագավորը։ Որդին գոնե արևի մի նշույլը տեսնում էր յուր բանտի նեղ պատուհաններից։ Բայց հայրը այդ ևս չէր տեսնում։ Պարսից արքան զրկել էր նրան թե աչքերից և թե լույսից։ Կուրացյալ թագավորը յուր խավար շրջապատի մեջ տանում էր խավարի իշխանության դառն տանջանքները...


Որպես մի այլանդակ հրեշ, լի ամենայն զարհուրանքով, կանգնած էր Անուշ բերդը յուր բարձր, քարեղեն ստորոտի վրա։ Նա տարածում էր յուր շուրջը մահ և սարսափ։ Թունավոր էր նրա շունչը, սպանիչ էր սպառնական հայացքը։ Ոչ ոք համարձակություն չուներ մոտենալ նրան, ոչ ոք չէր հանդգնում նայել անգամ նրա վրա։ Մարդիկ մի քանի մղոն հեռվից էին անցնում, և ուղևորը շեղվում էր յուր ճանապարհից։ Ամեն հաղորդակցություն խզված էր։ Եվ նա, որպես մի կղզիացած պատիժ ու պատուհաս, ապրում էր յուր մռայլ, դժոխային առանձնության մեջ։

Բայց ահա՛ մի անսովոր երևույթ գրավեց պահակների ուշադրությունը։ Մի խումբ ձիավորներ ուղիղ մոտենում էին բերդին։ Աչքները վառվեցան, աղեղները լարվեցան և սրերը զգացվեցան իրանց պատյաններում։ Ովքե՞ր էին այդ ստահակները։ Բայց