Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/229

Այս էջը հաստատված է

ասպախումբը լուռ մոտենում էր, և որքան մոտենում էր, այնքան ավելի փութացնում էր յուր համարձակ ընթացքը: Շփոթված բանտապետն անգամ բարձրացավ յուր դիտանոցի վրա, սկսեց նայել:

«Գուցե մի նոր հյուր են բերում...»— մտածեց նա և այլայլված դեմքը փայլեց դիվական ուրախությամբ։

Երեկո էր, արևը բավական խոնարհվել էր և մտնելու մոտ էր։

Ձիավորները, որպես երևում էր, շտապում էին, որ դեռ արևը չմտած հասնեն բերդը, որովհետև գիշերը անհնար էր այնտեղ մուտք գործել։ Բոլոր դռները փակվում էին և ոչ ոքի համար չէին բացվում։

Բանտապետը դեռ շարունակում էր նայել։ Երբ ձիավորները բավական մոտեցան, նկատեց նա, որ նրանցից մեկի, որը բոլորից առաջ էր ընկած, գլխի փակեղի մեջ ցցված էր մի ինչ-որ բան, որ արևի ճառագայթների առջև փայլում էր։ Նա լարեց յուր ուշադրությունը։ Տեսածը գալարված փողի ձև ուներ և մագաղաթի փաթոթի էր նմանում։ «Հրովարտա՜կ...» — բացականչեց նա մի առանձին ակնածությամբ, և շտապով իջավ դիտանոցից։

Անցնելով բերդի բակը, հրաման տվեց յուր պաշտոնյաներին՝ ընդառաջ գնալ և հանդիսավոր կերպով ընդունել եկվորներին։ Մի քանի րոպեի մեջ ամենքը պատրաստվեցան և դուրս եկան բերդից։ Երբ բավական մոտեցան, ամբողջ խումբը ծունր դրեց գետնի վրա և գլուխը լռությամբ խոնարհեցրեց արքայական հրովարտակի առջև։

Հրովարտակը յուր ոսկյա նկարներով դեռ փայլում էր յուր բարձրության վրա, բերողի ճակատին կապած։ Նա ձեռքով նշան տվեց, երկրպագուները վեր բարձրացան և սկսեցին առաջնորդել նրան դեպի բերդը։ Երբ հասան գլխավոր դռանը, եկվորները ցած իջան ձիերից։ Այդ ժամանակ միայն նա առեց հրովարտակը և, երկու ձեռքով բռնած, մատույց բանդապետին։ Վերջինը կրկին ծունր իջավ և, երկու ձեռքերը մեկնելով, խորին երկյուղածությամբ ընդունեց մագաղաթը։ Նախ համբուրեց, հետո գլխի վրա դրեց և ապա բաց անելով, վեր կացավ, սկսեց բարձր առոգանությամբ կարդալ։

Երբ ընթերցումը վերջացած էր, հրովարտակը կրկին հանձնեի բերողին, ասելով.

— Իմ տեսչությանը հանձնված բերդի դռները բաց են քո առջև, ներքինապետ տե՛ր։

Ամենքը ներս մտան։