Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է

Գ

ԳՈՒԺԿԱՆ

Ողական ամրոցի սենյակներից մեկի մեջ, թանկագին գորգով պատած գահավորակի վրա, որի երեք կողմը դրած էին շքեղ կերպասներով պատած բարձեր, նստած էր մի երիտասարդ։ Նա, ինչպես երևում էր նրա քնեած դեմքից, դեռ նոր էր դուրս եկել յուր քնարանից և դուրս էր եկել յուր զարթնելու ժամից շատ վաղ։ Ոչ հագնվել էր, ոչ էվացվել էր և ոչ սանդրվել էր։ Մի լայն, ասրյա նուրբ վերարկուի մեջ սփածված էր նա, և բաց գլխի երկար գիսակները, գագաթից իջնելով, մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա, և երբեմն սքողում էին նրա գեղեցիկ, գունաթափ դեմքը։ Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին` փոքր-ինչ ուռած, կարմրագույն շրթունքի նորաբույս ընչացքը, թեև ոլորելու շատ պաշար չէին գտնում։ Այդ ցույց էր տալիս սրտի խորին խռովությունը։ Իսկ սևորակ, նշաձև աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք։ Քսանևհինգ տարեկան հազիվ կլիներ նա, նուրբ կազմվածքով և փոքր-ինչ մույգ-դեղնագույն դեմքով, որ պահպանվել էր նրա մեջ ժառանգական արյունից։

Երիտասարդը Վահան Մամիկոնյանի որդի Սամվելն էր։

Սենյակը, որտեղ նստած էր նա, ներկայացնում էր նրա ընդունարանը։ Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով, անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթյա ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած։ Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի։ Այդ գազանին նա ինքն էր սպանել որսորդության ժամանակ, երբ դեռ տասնևութ տարեկան էր։ Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ՝ լի նետերով, աղեղ լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպաբ` պողովատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ,