Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/232

Այս էջը հաստատված է

ծանր փունջից մեկը, մոտեցավ երկաթյա դռանը և, բաց անելուց հետո, ասաց.

— Ներս համեցիր, ներքինապետ տե՛ր։ Դու կարող ես մնալ քո թագավորի մոտ, որքան քո կամքն է։ Երբ կցանկանաս դուրս գալ, բավական է ներսից փոքր-ինչ բախել, իմ պահապաններն այստեղ պատրաստ են. ինձ իմացում կտան, և ես կգամ, կրկին բաց կանեմ։

Նա ցույց տվեց պահապանների խումբը, որ կանգնած էին հատկապես այդ նկուղի պահպանության համար։

Նորեկը առեց լապտերը և սրտի սաստիկ բաբախմունքով ներս մտավ։ Նրա ետևից դուռը կողպվեցավ։

Դողդոջուն քայլերով անցավ նա, լապտերը դրեց մի անկյունում։ Դատապարտյալը պառկած էր։ Կարծես դժոխքը յուր ամբողջ զարհուրանքով ներկայացավ տառապյալ այցելուի առջև։ Խորին տրտմությամբ նայում էր նա շղթայակապ արքայի վրա, որ տարածված էր հարդյա անկողնի վրա և ծանր շնչառությամբ հառաչում էր։ Տեսավ դեռ չկերած ցամաք գարեհացը, որ դրած էր նրա մոտ, տեսավ ջրի խեցեղեն ամանը, որից ստրուկներն անգամ կվիրավորվեին, եթե առաջարկեին նրանց։ Նա աչքերը դարձրեց դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ ուրվականը։ Նրա աչքերը լցվեցան արտասուքով, և հազիվհազ կարողացավ իրան պահել ոտքի վրա։ Նրա առջև դրած էր Հայաստանը — ընկճված և անպատված Հայաստանը...

Նա մի քանի քայլ առաջ գնաց, բայց սոսկալով կրկին ետ դարձավ։ Ինչպե՜ս վրդովել նրա հանգստությունը, ինչպե՜ս խանգարել նրա քունը, որ խիստ հազիվ անգամ է վիճակվում բանտարկյալին։ Նա շարունակեց նայել նրա վրա։ Երբեմն արձակում էր խորին հառաչանքներ, իսկ երբեմն լսելի էին լինում հեգնական դառն ծիծաղներ։ Երևում էր, որ խառն երագներ ալեկոծում էին նրան։ Նա պառկած էր մի կողքի վրա և աջ թևքը դրած ուներ գլխի տակին։ Երեսը դարձրած էր դեպի այցելուն։ Որքա՜ն փոխվել էր, որքա՜ն այլանդակվել էր նա։ Այցելուն սարսափում էր։ Ինչպես մոտենալ։ Գուցե անրջային կատաղության մեջ՝ վեր կբարձրանար նա և, տեսնելով յուր նկուղի մեջ մի անակնկալ մարդ, կփշրեր, կխորտակեր նրան լուր ոտքերի ներքո։

Միջահասակ մարդ էր այցելուն, ցամաքած և նիհար կազմվածքով։ Երեսը բոլորովին զուրկ էր մազերից, ոչ մորուք ուներ և ոչ ընչացք։ Եթե այրական հագուստը փոխվեր, մի պառավ կնոջ