Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/233

Այս էջը սրբագրված է

տպավորություն կգործեր,— մի կնոջ, որ հարգանք է ազդում և պատկառանք։ Թանկագին գոտիի մեջ խրած ուներ մի դաշույն, որի գոհարազարդ կոթը կիսով չափ երևում էր վերևից։ Հագուստը մի բարձր պաշտոնակալի վայելուչ շքեղություն ուներ։ Նրան կոչում էին Դրաստամատ։ Ներքինի էր նա, շատ հարգված և սիրելի, և մի ժամանակ հայոց արքունիքում, բոլոր նախարարներից վեր էր դրած նրա բազմոցն ու բարձը։ Անգեղ֊տան իշխանն էր նա և կառավարիչ թագավորական գանձերի, որ պահված էին Ծոփաց գավառի Բնաբեղ բերդում։

«Վասա՜կ,—լսելի եղավ նրա ձայնը, — կազմի՛ր իմ քաջ դունդերը... գրո՛հ տանք դեպի արյաց աշխարհը... պատժե՜նք Շապուհի հանդգնությունը..․»։

Նա խոսում էր քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ ուրվականի հետ։

ներքինապետի աչքերը կրկին լցվեցան արտասուքով։

Նա մի անսովոր ցնցում գործեց, ձեռքը, որ դրած էր գլխի տակին, դուրս հանեց և, սպառնական կերպով շարժելով, սկսեց մռնչալ.

«Հրդեհված Տիզբոնի բոցերի մեջ կխորովեմ քեզ, խարդա՜խ Շապուհ...»։

Մյուս ձեռքը, որ ծանր շղթայով կապված էր առաջինի հետ, ձգեց նրան, և երկուսն էլ շառաչելով ընկան նրա կուրծքի վրա... Նա, կարծես թե, արթնացավ, քնեած աչքերը բաց արեց և կրկին խփեց։ Այդ միջոցին ներքինապետը վստահացավ մոտենալ և, մի քայլ հեռավորության վրա կանգնելով, կոչեց.

— Տե ր արքա...

Նա չարթնացավ։

— Տե՛ր արքա... — կրկնեց նա։

Նա գլուխը բարձրացրեց և, պղտոր աչքերը դարձնելով դեպի այցելուն, որոտաց.

— Անամո՜թ, գոնե գիշերն ինձ հանգստություն տուր։

Կարծում էր, որ բանտապետն է։

— Տե՛ր արքա, ճանաչի՛ր քո ծառային․․.—խոսեց այցելուն լալագին ձայնով։

— Իմ ծառայի՜ն...— կրկնեց նա ծիծաղելով։— Դո՛ւ, անզգամ, ամեն օր իմ դահիճն էիր, իսկ այժմ ծառա՞դարձար...

Այցելուն այլևս չկարողացավ զսպել յուր զգացմունքները,