Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/234

Այս էջը սրբագրված է

խոնարհվեցավ, գրկեց նրա ոտները և, ջերմ արտասուքով թանալով նրա շղթաները, աղաղակեց․

— Տե՛ր արքա, զգաստացի՛ր, նայի՛ր իմ վրա, ես քո ծառան եմ․․․ քո ստրուկը.․․ քո նվաստ Դրաստամատը...

— Դրաստամա՜տ...—բացականչեց նա, մի կողմ հրելով այցելուին։ — Ո՞ր աստվածը կտար ինձ Դրաստամատին, իմ քաջ և հավատարիմ ծառային... Հեռո՛ւ ինձանից խաբեություն, հեռո՛ւ գնացեք երազական ցնորքներ... Ես կորցրի իմ ամենալավ մարդիկներին, ես զրկվեցա իմ ընտիր պաշտոնյաներից... աստված պատժեց ինձ... այլևս նրանց տեսնել շեմ կարող...

— Նրանցից մեկը քո սպասումն է, տե՛ր արքա։

Դժբախտ թագավորին այնպես էր թվում, որ յուր տեսածը և լսածը յուր երագների շարունակությունն է: Այժմ միայն ուղիղ նայեց այցելուի վրա և ապշած կերպով հարցրեց.

— Այդ ո՞վ է այստեղ։

— Քո ծառան, Դրաստամատը։

Նա շփոթված կերպով վեր՛ թռավ, առաջ վազեց, աղաղակելով.

— Դրաստամա՜տ... որտեղի՜ց հայտնվեցար...ինչպե՞ս թողեցին ինձ մոտ... Տեր աստված, այդ ի՜նչ բախտ է... մերձեցի՜ր, սիրելի Դրաստամատ, մերձեցի՛ր, գրկեմ քեզ...

Ներքինապետը կրկին՛ ծունր իջավ, սկսեց համբուրել նրա ոտները։ Նա զորեղ ձեռքով բարձրացրեց նրան, ասելով.

— Այդ համբույրները չեն թեթևացնի իմ շղթաների ծանրությունը, սիրելի Դրաստամատ, պատմի՛ր, որտե՞ղ էիր, ինչպե՞ս եկար այստեղ, ի՞նչ լուր ունես...

Նա մի քանի քայլ անցավ յուր նեղ նկուղի մեջ, հետո նստեց հարդյա անկողնի վրա։ ներքինապետը մնաց ոտքի վրա, խորին տատանման մեջ տարուբերվելով, արդյոք որտեղի՞ց սկսել և ի՞նչ պատմել։ Նա շատ բան ուներ պատմելու, բայց յուր տեղեկությունները այն աստիճան տխուր և այն աստիճան անմխիթար էին, որ չկամեցավ ավելի դառնացնել յուր թագավորի առանց դրանց ևս վշտացած սիրտը։

— Ինչո՞ւ ես լուռ, Դրաստամատ, — ասաց նա, նկատելով ներքինապետի մտատանջությունը։ — Դու կարծում ես, Արշակը այնքան թուլացել է սրտով, որ չէ՞ կարող տանել նոր հարվածներ։ Ես առանց քո պատմելու ևս շատ բան գիտեմ... Այդ քարեղեն բանտի միջից ես ամեն րոպե, ամեն վայրկյան տեսնում եմ, Դրաստամատ, թե ի՛նչ է կատարվում այնտեղ, Հայոց աշխարհում...