Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/236

Այս էջը սրբագրված է

— Միթե այդպես երդմնապա՜հ է դարձել Նա ...Ինձ ևս երդվեցավ.․. ինձ ևս շատ խոստումներ արեց... բայց՝ վերջը դավաճանեց... Նա վարազագիր մատանիով աղ կնքեց և ուղարկեց ինձ, որը, պարսից թագավորների օրենքով, ամենահավատարիմ երդման ուխտն է։ Ինձ կանչեց յուր մոտ սիրո և հաշտության դաշն կռելու և կրկին խաղաղությամբ դեպի իմ աշխարհը վերադարձնելու։ Բայց փոխարենը — ուղարկեց այստեղ...

Նրա ձայնը ներքին վրդովմունքից դողդողաց, և րոպեական լռությունից հետո, կրկին դարձավ դեպի ներքինին, ասելով.

— Գովում եմ քո անձնանվիրությունը Դրաստամատ, դու միշտ հավատարիմ ես եղել քո թագավորին։ Քո այժմյան վարմունքը ես կհամարեմ այն բազմաթիվ զոհաբերությունների պսակը, որոնցով դու շատ անգամ ապացուցել ես քո բարձր արժանավորությունները։ Ես փառք եմ տալիս ամենակալին, և այժմ միայն հավատացած եմ, որ նա ինձ բոլորովին ձեռնաթափ չէ արել։ Ես կարոտ էի իմ աշխարհից մեկին, և նա ուղարկեց ինձ։

Դրաստամատը, հոգով չափ փառավորվելով յուր թագավորի խոսքերից, հայտնեց, թե ինքը ներկայացել է այդ բերդը արքայական հրովարտակով, թե իրան իրավունք է շնորհված յուր թագավորի վիճակը արքայավայել դրության մեջ դնելու, ամեն կերպով թեթևացնելով նրա ծանրությունները և ամեն կերպով մխիթարելով նրան։

— Այդ ինձ շատ փոքր մխիթարություն կլինի, Դրաստամատ, — պատասխանեց նա վշտալի ձայնով։ — Այժմ ինձ համար միևնույն է՝ այդ հարդի վրա պառկել, թե ամենափափուկ անկողնի մեջ։ Նույնպես ինձ համար զանազանություն չունի ջուրը այդ կոտրած խեցեղեն անոթից խմել, թե ոսկյա բաժակից։ Տանջանքը, տաժանակիր կյանքը չի մաշում ինձ։ Ինձ մաշում է միայն ա՛յն, որ ես այստեղ եմ, իսկ իմ անտեր մնացած երկիրը կեղեքվում է իմ թշնամիներից...

Վերջին խոսքերից այն աստիճան զգացվեցավ ներքինապետը, որ մի բառ անգամ չգտավ պատասխանելու։ Աքսորյալը հարցրեց․

— Ինչո՜ւ ես լուռ, Դրաստամատ, ասա , ի՞նչ դիտես մեր աշխարհից, ի՞նչ է մտածում անել Շապուհը, ի՞նչ են մտածում նախարարները։ Դու, թեև Տիզբոնից ես գալիս, բայց դարձյալ շատ բան լսած, շատ բան իմացած կլինես։

Նա, իրավ, շատ բան լսել և շատ բան իմացել էր, բայց միթե կարո՞ղ էր բոլորը պատմել նրան։ Թույլ տվեց, որ ինքը հարցեր առաջարկե։