Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/237

Այս էջը սրբագրված է

— Ո՞վ է իմ զորքերի հրամանատարը․

— Մուշեղ Մամիկոնյանը, տե՛ր արքա։

Ուրախության նման մի բան փայլեց նրա տխուր դեմքի վրա, և, դառնալով դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ արձանը, ասաց․

— Լսի՛ր, Մամիկոնյան տեր, որդիդ իմ զորքերի ընդհանուր սպարապետն է այժմ։ Ես վստահ եմ, որ քաջ հոր քաջ որդին կարդարացնե յուր տոհմի հայրենասիրությունը։ Ես հիշում եմ նրան, երբ դեռ պատանի էր, երբ դեռ նոր էր սկսել ձիավարել, տեսել եմ նրան մի քանի մրցությունների մեջ, տեսել եմ և կռիվներում, երբ արդեն երիտասարդ էր։ Ամենափոքր հասակից քաջազնական աստղը փայլում էր նրա ճակատի վրա։ Հպարտ էր յուր հոր նման և մեծամիտ։ Երբ մի անգամ նրան ասեցի՝ «քեղ արքունի հավերի վրա վերակացու պիտի կարգեմ» — նա վիրավորվեցավ և աչքերը լցվեցան արտասուքով։Այդ ժամանակ տասնևերկու տարեկան հազիվ կլիներ։

Որդու գովասանքները կարծես լսում էր հայրը, և այնպես էր թվում, որ նրա մռայլ, սպառնալի դեմքը արտասանում էր այդ խոսքերը. «Հոր արյան վրեժխնդրությունը կոգևորե նրան, և նա յուր ծնողած հարազատը չի լինի, եթե հարյուրավոր պարսիկ սպաների մորթիքը խոտով չի լցնի և չի ուղարկի իբրև նվեր ստորոգի Շապուհին․․․»։

Բանտարկյալը շարունակեց հարցուփորձը․

— Որտե՞ղ է հայոց տիկինը (թագուհին)։

— Ամրացած է Արտագերս բերդում, տեր արքա, և յուր հրամանի ներքո ունի տասնևերկու հազար ամենաընտիր զորքեր։

— Իսկ իմ որդի՞ն։

— Դեռ գտնվում է Բյուզանդիայում, կայսեր մոտ, տե՛ր արքա։

— Ինչո՞ւ չեն կանչում, ինչո՞ւ են թողել այնտեղ։

— Դեռ մտածում են երկիրը խաղաղացնել պարսիկների հարձակումներից, որ նա հետո դա և ամենայն ապահովությամբ ժառանգե հոր դահը, տե՛ր արքա։

Բանտարկյալը դառնացած կերպով շարժեց գլուխը, և նրա շղթաների շառաչյունը արձագանք տվեց սրտի բարկությանը:

— Դու խնայում ես ինձ, Դրաստամատ, — կոչեց նա խրոխտ ձայնով, —դու խիստ մեղմությամբ ես հաղորդում իմ աշխարհի աղետները։ Խոսի՛ր ճշմարիտը, ես քեզ կլսեմ ամենայն սառնա-