Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/238

Այս էջը հաստատված է

սրտությամր, որքան և տխուր լինեին քո պատմությունները։ Իմ որդուն պահում են Բյուզանդիալում, պահում են կայսեր մոտ, որովհետև վախենում են հայրենի աշխարհը բերել, որպեսզի Շապուհի ձեռքը չընկնեք և նրան ևս հոր մոտ՝ այդ բերդում չաքսորե... Այդ չէ՞ իսկությունը։— Կարծեմ, այդ է։

— Այո՛, տեր արքա։

— Որտե՞ղ է Ներսեսը։

— Նույնպես Բյուզանդիայում, տեր արքա։

Չնայելով բանտարկյալի թախանձանքին, նա դարձյալ ծածկեց, որ հայոց մեծ քահանայապետը աքսորված է Պատմոս կղզում։

Երևի, այդ նպատակով է սպասում Բյուզանդիայում, որ որդուս հետ միասին վերադառնան։

— Այո՛, տեր արքա։

Նա գլուխը խոնարհեցրեց, և խառնված գիսակների թավ հոսանքը սքողեց տխրամած դեմքը։ Րոպեական մտահուզությունից հետո, կրկին դարձավ դեպի ներքինին, ասելով․

Այդ ինձ և մխիթարում է, և խոցոտում է, Դրաստամատ։ Ես երբեք Ներսեսի հետ լավ հարաբերությունների մեջ չեմ եղել։ Այժմ նա հովանավորում է իմ որդուն։ Դա մի տեսակ վրեժխնդրություն է և քրիստոնեական վրեժխնդրություն—չարության փոխարեն բարություն մատուցանել․․․

— Այդ նրա պարտքն է, տեր արքա, որպես Քրիստոսի աշակերտի։

— Ասա՛, և որպես ճշմարիտ հայրենասերի, Դրաստամատ,— ավելացրեց բանտարկյալը։ — Ես թեև միշտ հակառակել եմ Ներեսին, բայց երբեք չեմ դադարել հարգել նրա մեջ մեծ մարդու ամենաբարձր հատկությունները։

— Ի՞նչ է շինում Մերուժանը,— խոսքը փոխեց նա։

— Անիծվի՜ Մերուժանը,— պատասխանեց ներքինին խորին զզվանքով։— Շապուհից զանազան հրահանգներ է ստացել... և նրանց ի կատար ածելու մասին է աշխատում..

— Իհարկե, ոչ լավ հրահանգներ։

— Այդ շատ հասկանալի է, տեր արքա։ Բայց ես մեծ հույսեր ունեմ, որ հայոց նախարարների միաբանությունը կխորտակե նրա չար դիտավորությունները...

— Նախարարների միաբանությո՜ւնը․․․— կրկնեց