Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/239

Այս էջը հաստատված է

բանտարկյալը դառնացած ձայնով։— Միթե կարելի՞ է հավատալ նրանց անկեղծությանը...

— Ոչ միայն կարելի է, այլ պետք է հավատալ, տեր արքա։ Նրանք այժմ շատ և շատ ստրջացել են իրանց անխոհեմ վարմունքների մասին․․․

— Այն բոլոր վնասներից հետո, որ կատարվեցան, Դրաստամատ... իրանց թագավորին կորցնելուց հետո... հայրենի երկիրը ավերակ դարձնելուց հետո... այժմ, ասում ես, ստրջացել են... Դա շա՜տ և շա՜տ ուշ է արդեն...

— Ուշ է, բայց բոլորովին անցած չէ, տեր արքա։ Իրանց անձնազոհությամբ այժմ կքավեն հին մեղքերը։ Ինձ հայտնի են բավական տեղեկություններ, թե որպես նախարարությունը, հոգևորականության հետ ձեռք ձեռքի տված, պատրաստվում է պատերազմել հայրենիքի փրկության համար։

— Պատմի՛ր, ի՛նչ գիտես։

Ներքինին սկսեց մի ըստ միոջե պատմել, նախ. Շապուհի դիտավորությունները՝ քրիստոնեական կրոնը ոչնչացնելու և Հայաստանում պարսից կրակապաշտությունը տարածելու մասին։ Հետո պատմեց նրա ձեռք առած միջոցները յուր նպատակը իրագործելու համար, որոնց մեջ գլխավոր դերը պատկանում էր Մերուժան Արծրունուն։ Պատմեց Շապուհի մեծամեծ խոստումները Մերուժան Արծրունուն, որոնց կարժանանա նա, երբ արյաց թագավորի ցանկությունները կկատարե։ Նկարագրեց հայոց նախարարների ուխտը և նրանց պատրաստությունները սպառնացող չարիքների առաջը առնելու համար և թե՛ եկեղեցին, թե՛ Արշակունյաց գահը պարսից բռնապետությունից ազատելու համար։ Յուր հաղորդած տեղեկությունները վերջացրեց նա խիստ մխիթարական հուսադրություններով, թե ինքը համոզված է, որ Շապուհին չի հաջողվի յուր չար դիտավորությունները կատարել, թեև, գուցե, Հայաստանը բավական վնասներ կկրե նրանցից, բայց երբեք չի նվաճվի։

Թագավորը, գլուխը խոնարհած, խորին վրդովմունքով լսում էր։ Նրա թավամազ, փոքր-ինչ թխագույն դեմքը, ավելի մռայլ արտահայտություն էր ստացել։ Այդ բոլորը, կարծես, սպասում էր նա, այդ բոլորը նախագուշակել էր նա այն օրից, երբ դժբախտ հանգամանքները նրան ձգեցին Շապուհի ձեռքը։ Նա դարձավ դեպի ներքինին, հարցնելով.