Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

վազրներ՝ երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած։

Այդ սենյակը ավելի զինարանի նմանություն ուներ, քան թե ընդունարանի։ Երիտասարդ իշխանը սիրում էր իրան շրջապատել այն առարկաներով, որ յուր սրտին շատ մոտ էին։ Միակ առարկաները, որ հիշեցնում էին, թե դա և հյուրանոց էր, էին մի քանի փառավոր բազմոցներ, որ դրած էին պատերի մոտ, պատվավոր հյուրերի համար։

Սենյակի դռները ներսից փակած էին և լուսամուտների ծիրանեգույն վարագույրները, զարդարած ծանր, ոսկեթել ծոպերով, ցած էին թողած։ Մի դուռ միայն բաց էր մնացել, որ տանում էր դեպի քնարանը։ Այդ դռան մոտ կանգնած էր մի տղամարդ, երկու ձեռքերը յուր դաշույնի կոթի վրա դրած։ Նա հագած ուներ սուրհանդակի թեթև զգեստ. մի կարճ մուշտակ, որի մորթեղեն կողմը դեպի ներս, իսկ մաշկեղենը դեպի դուրս էր թողած. մեջքը պնդած էր կաշյա լայն գոտիով, որ պատել էր կուրծքի մի մասը՝ մինչև փորի ստորին մասները, որպեսզի ձիու սրարշավ ցնցումներից փորոտիքը չխախտվեին։ Կաշյա նեղ վարտիքը՝ սրունքների վրա՝ ամրացրած էր նույնպես կաշյա զանկապաններով։ Ոտներին հագած ուներ մազե թանձր տրեխներ, նույնպես մազե տակերով։ Գլխին դրած ուներ թաղիքյա բոլորակ գլխարկ, որի վրայի կերպասյա փաթոթի ծայրերը ծածկում էին մերկ պարանոցը և ծածանվում էին լայն թիկունքի վրա։ Նրա տարիքը դեռ չէին անցել երեսունուհնգից, բայց կարճ գանգրահեր մորուքի մեջ արդեն նկատվում էին սպիտակ մազեր։ Բնականից թուխ դեմքը ավելի մռայլ գույն էր ստացել եղանակների խստությունից և երկար ժամանակ արևի տակ այրվելուց։ Բայց այդ այրական դեմքի մռայլ արտահայտությունը մեղմանում էր, պայծառանում էր երկու լուսափայլ աչքերով։

— Ուրեմն քեզ նամակ չտվի՞ն, Սուրեն,- ասաց իշխանը, շարունակելով ընդհատված հարցուփորձը։

— Չտվին, տեր իմ,- պատասխանեց սուրհանդակը,- զգուշացան, որ նամակը կարող էր բռնվել ճանապարհին։ Իսկ ես հազիվ կարողացա հասցնել ինձ իմ տիրոջ մոտ, որպես կենդանի նամակ։ Ամեն ինչ պատմեցի ձեզ, դուք այժմ գիտեք բոլորը...

— Բայց դու լավ չբացատրեցիր ինձ, Սուրեն,- հարցրեց իշխանը