Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/243

Այս էջը հաստատված է

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ

Ա

ՌՇՏՈՒՆԻՔ

Մի շաբաթ առաջ երկու եղբոր որդիներ դուրս եկան Ողական ամրոցից։ Մեկը՝ Սամվել Մամիկոնյանը։ Մյուսը՝ Մուշեղ Մամիկոնյանը։

Երկուսի ճանապարհները բաժանվեցան։

Առաջինը գնում էր Վանա ծովակի հարավ-արևելյան եզերքով։ Իսկ երկրորդը գնում էր նույն ծովակի արևմտյան եզերքով։ Նրանք գնում էին վտանգների և սարսափի միջով։ Երկիրը ընդհանուր հուզման մեջ էր. մի հուզմունք, որ նման էր կատաղության։ Սոսկալի է, երբ կատաղում է ժողովուրդը, նրա կատաղությունը նմանում է արջի կատաղության, որ, բերանը փրփրած, աչքերը մթնապատած, նախ յուր ձագերին է յուր ոտքերի տակ փշրում...

Մի շշուկ չար ոգու նման անցել էր Հայոց աշխարհով։ Նրա խուլ, անորոշ ձայնը ամեն ոք յուր կերպովն էր հասկանում, ամեն ոք յուր կերպովն էր բացատրում։ Բայց որքան անհասկանալի էր նա, այնքան ավելի վրդովեցուցիչ էր։ Եղբայրը ձեռք էր բարձրացրել եղբոր վրա. մինը մյուսին չէր հասկանում։ Երկիրը ալեկոծվում էր անգիտակցության մեջ,— մթին, մրրկածուփ անգիտակցության մեջ։

Ժողովրդի բերանում ստեղծվել էր մի նոր բառ — «ուրացող»: Ո՞վ էր ուրացողը, ո՞վ չէր ուրացողը,— ոչ ոք չգիտեր։ Բայց կասկածավորին քարկոծում էին։ Ծառան խեթ աչքով էր նայում յուր տիրոջ վրա, իսկ տերը վստահություն չուներ ծառայի վրա։