Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/244

Այս էջը հաստատված է

Տեղ-տեղ խլրտվում էր ստորերկրյա հեթանոսությունը, որ քրիստոնեությունից հալածված, գետնի տակ էր ապրում։ Հիս աստվածները նոր կրոնի դեմ գործ էին կամենում սկսել։

Հաղորդակցություններր համարյա դադարած էին․ անցուդարձը անկարելի էր դարձել։ Անզեն գյուղացիք, իրանց խրճիթները թողած, հավաքվել էին լեռների բարձրությունների վրա և ճանապարհից անցնողների վրա քարեր էին գլորում։ Քարերը գլորվում էին որպես փուլ եկած լեռան մի մասը և իրանց կույտերի ներքո ծածկում էին ամբողջ քարավաններ։ Բայց ո՞ւմ վրա էին գլորում իրանք ևս չգիտեին։ Ամեն ոք նրանց համար «ուրացող» էր․․․

Տեղ-տեղ թափառում էին զինված խումբեր։

Տղամարդիկ վազում էին կռվելու, իսկ կանայք, հաստ բիրերը ձեռքներին բռնած, կանգնել էին դատարկ խրճիթների դռանը, և ոչ ոքի թույլ չէին տալիս, որ մոտենա այն խրճիթներին, ուր ամեն մի օտարական կարող էր հանգիստ ասպնջականություն գտնել։

Այդ խառն, աղմկալի միջոցում Սամվելի ասպախումբը անցնում էր Տարոնից դեպի Ռշտունիք տանող ճանապարհով։ Նրա առջևից տանում էին Մամիկոնյան տան դրոշը։ Այդ դրոշը, միշտ պահպանել էր յուր անարատությունը, այժմ և՛ պատսպարում էր նրան, և՛ մատնում էր նրան։ Պատսպարում էր, որովհետև ամեն ոք սովոր էր հարգանքով վերաբերվիր դեպի նա։ Մատնում էր, որովհետև նույն դրոշի գլխավոր ներկայացուցիչը այժմ անցել էր «ուրացողների» գլուխը։ Դա Սամվելի հայրն էր, Վահան Մամիկոնյանը։ Ո՞ւմը կարող էր հասկացնել որդին, թե ինքը յուր հոր շավղովն չէ գնում։ Կատաղած խուժանը ականջ ուներ լսելու, բայց ժամանակ չուներ դատելու։

Երեք օր էր, որ նրա ասպախումբը մտել էր Ռշտունյաց լեռնային երկիրը, որ ծածկված էր մթին անտառներով։ Այդ անտառները կորստյան մի խորին անդունդ էին, լի ամեն զարհուրանքով։ Այդ անտառներում, սկսյալ ամենահին ժամանակներից, կատարվել էին սոսկալի գործողություններ։ Այստեղ Նեբրովթը կորցրեց յուր տիտանների մեծ մասը։ Այստեղից էր հզոր Բարղափրանը, որ լցրեց Հայաստանը հրեից գերիներով։ Այստեղից էր անգութ Մանաճիհրը, որ արյունով ծածկեց Ասորեստանը։ Այստեղ էր «երկաթահատաց» լեռը, որի ստորերկրյա խավերում գործում էր մի մռայլ, սորամուտ բազմություն, որ յուր երկրի քաջերի համար նետեր ու զրահներ էր դարբնում։

Այդ երկրի մի կողմը ծփում էր Աղթամարա ծովակը, իսկ