Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/245

Այս էջը սրբագրված է

մյուս կողմում՝ պատնեշ էին դրել Մոկաց անմատչելի լեռները, իրանց դիվաբնակ խոխոմներով և ձորերով։

Սամվելը դուրս եկավ Ողական ամրոցից 300 ձիավորներով և փառավոր պատրաստությամբ։ Այժմ նրա ասպախումրից մնացել էր 43 հոգի միայն։ 257 հոգի կորան Ռշտունյաց անտառներում։

Սարսափելի՜ էին այդ անտառները։ Խաղաղության ժամանակ նրանք անհետացնում էին մենավոր ճանապարհորդներին, իսկ խռովության ժամանակ՝ կլանում էին ամբողջ գունդեր։ Այնտեղ տիրում էր հավիտենական մռայլը՝ մի մռայլ ժողովրդի հետ։ Այնտեղից անցնողը տեսնում էր միայն յուր առջևի նեղ շավիղը, որ ծածկված էր մացառներով, տեսնում էր վերևում՝ սաղարթախիտ ոստերի մթին կամարը, որից հազիվ անգամ նշմարվում էին արեգակի ճառագայթները,— տեսնում էր յուր աջ և ձախ կողմերում դարևոր ծառերի անթափանցիկ ցանցը, որ կենդանի պատվարի նման պարփակում էին ճանապարհի եզերքը։ Ուրիշ ոչինչ չէր տեսնում։ Եթե հարյուրավոր աչքեր ունենար մարդը, դարձյալ անկարող կլիներ նկատել, թե ո՛ր կողմիցն է գալիս վտանգը։ Նրան կարելի էր հանդիպել ամեն քայլում և ամեն րոպեում։ Թշնամին թաքնվել է կիսափուտ ծառերի փիչուկների մեջ, և յուր դարանից նետեր է արձակում։ Նա օձի նման սորել է մերկարմատ ծառերի ստորին խոռոչներում և հանկարծ հայտնվում է նիզակը ձեռին: Նա կապիկի նման մագլցում է ոստերի բարձր հյուսվածքի մեջ և այնտեղից մահ է տարածում։ Նա աճել է, միացել է հսկա ծառաստանի հետ, որ նրա անմատչելի պատսպարանն է կազմում։

Կեսօր էր, երբ Սամվելի ասպախումբը դանդաղ ընթացքով անցնում էր այդ անտառի միջով։ Նրանք ճանապարհ էին ընկել գիշերով, որպեսզի, դեռ արևը չծագած, դուրս գան անտառից և մյուս անգամ չհանդիպեն դարանամուտների։ Մի խումբ ձիավոր¬ ներ գնում էին առաջ բավական հեռավորության վրա, ճանապարհը հետազոտելու համար։ Նրա մի կողմում յուր ձին քշում էր պատանի Արտավազդը։ Իսկ ետևից գալիս էին ծերունի Արբակը, Հուսիկը և մի քանի թիկնապահներ։ Հոգնած էին թե՛ ձիաները և թե՛ ձիավորները։ Բայց դարձյալ մի տեղ իջնելու և հանգստանալու պետք չէին զգում, որովհետև շտապում էին շուտով դուրս գալ անտառից:

Սամվելը դարձավ դեպի ծերունի Արբակը, հարցնելով.

— Դեռևս երկա՞ր պետք է գնանք։