Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/248

Այս էջը հաստատված է

Կրակը անարգել կերպով ճարակում էր գեղեցիկ շինվածքները, և ոչ ոք չկար, որ նրա հանդգնության առաջը առներ։

Ամբողջ ասպախումբը ոչ սակավ խռովության մեջ ընկավ։ Այդ երևույթը տեսնելուց հետո, ամենքը լցվեցան սաստիկ բարկությամբ։ Պատանի Արտավազդի մշտազվարթ դեմքն անգամ ծածկվեցավ խորին տխրությամբ։ Բայց Սամվելի մեջ սիրտ չէր մնացել։

Մինչ այդ շփոթության մեջ էին, հեռվից երևաց մի մարդ։ Սամվելը փոքր-ինչ ոգի առեց։ Գոնե մի մարդ գտնվեցավ։ Նա ուղիղ մոտենում էր խումբին։ Թեթև կերպով զինված էր նա, ձեռքում կրում էր երկար նիզակը, գոտիի մեջ խրած ուներ կարճ դաշույնը, իսկ մեջքին կապել էր լայն վահանը, որ գամած էր երկաթյա հեղույսներով։ Երբ բոլորովին մերձեցավ նա, արևակեզ դեմքը դարձրեց դեպի խումբը, երևի, տեսնելու համար, թե ո՛վքեր են, հետո նիզակի ծայրը ցցեց գետնին, հենվեցավ նրա վրա և կանգնեց ուղիղ Սամվելի առջև։ Երիտասարդ իշխանը զարմացավ, նա չէր հավատում յուր աչքերին։

— Այդ դո՞ւ ես, Մալխաս,— հարցրեց նա հուզված ձայնով:

Եկվորը նրա գյուղացին և նրա սուրհանդակն էր։ Նա փոխանակ մի խոսք ասելու, անվստահությամբ նայեց յուր շուրջը, հետո գլխարկի փաթոթի միջից հանեց մի ծրար և հանձնեց Սամվելն: Երիտասարդ իշխանը իսկույն գունաթափվեցավ։ Այդ փակ ծրարը նրան ավելի բան ասաց, քան թե կլսեր եկվորից։ Այդ ծրարը յուր գրած նամակն էր, որ հանձնել էր նրան տեղ հասցնելու համար։ Այժմ կրկին վերադարձնում էին իրան։ Ուրեմն այն անձինքը, որ պետք է ստանային այդ նամակը, կամ չկային... կամ չէր գտել... երկու մտքերն ևս Սամվելի համար սպանիչ էին։ Հազարումեկ վշտեր ալեկոծեցին նրա խռովյալ սիրտը։ Հազարումեկ հարցեր ծագեցան նրա գլխում։ Բայց նա զսպեց յուր վրդովմունքը, ցած իջավ ձիուց և, դառնալով դեպի յուր մարդիկը, ասաց.

— Այստեղ պետք է մի փոքր հանգստանալ։

— Այդ կրակների՞ վրա, — հարցրեց ծերունի Արբակը գլուխը զարմացական կերպով շարժելով:

— Այո՛, այդ կրակների մեջ,— պատասխանեց նրան Սամվելը։

Ամենքը ցած իջան ձիերից, բանակ դրեցին ամայի ծովեզրի մոտ։ Այնտեղ մի քանի օր առաջ դրված էր եղել մի այլ բանակ: