Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/25

Այս էջը հաստատված է

խռովված ձայնով,- թե ի՞նչը հրապուրեց իմ հորը ուրանալ յուր կրոնը և հանձն առնել մի այդպիսի ամոթալի գործ... Մի՞թե Մերուժան չարագործը խելքից հանեց նրան... Ես Արծրունիներին ճանաչում եմ... նրանք իմ քեռիներն են... փառքի, իշխանության և պատվի համար ամեն սրբություն կվաճառեն նրանք... Բայց իմ հա՞յրը... այդպես չէր իմ հայրը... մի՞թե նա էլ խաբվեցավ...

Վերջին խոսքերի միջոցին երիտասարդի ձայնը սկսեց դողալ, ձեռքը տարավ դեպի ճակատը, գլուխը խոնարհեցրեց և մի քանի րոպե մնաց տխուր մտախոհության մեջ։ Սուրենը խորին ցավակցությամբ նայում էր նրա վրա։ Երբ կրկին գլուխը վեր բարձրացրեց նա, Սուրենը պատասխանեց։

— Չխաբվեցավ, տեր իմ։ Այլ այն օրից, որ ձեր հորեղբորը բերեցին Տիզբոն, և այն օրից, որ Շապուհ արքան այնպիսի չարաչար մահով սպանել տվեց ձեր հորեղբորը,- ձեր հայրը հետամուտ եղավ ստանալ հայոց սպարապետությունը. Շապուհը տվեց նրան այդ, և ձեր հայրը կատարեց Շապուհի կամքը...

— Այժմ հասկանում եմ...- խոսեց երիտասարդը ինքն իրան։ Պատմի՛ր, Սուրեն, ինչպե՞ս եղավ իմ հորեղբոր մահը։

Սուրհանդակը դժվարանում էր պատմել քաջ հերոսի մահը, որի թիկնապահներից մեկն էր եղել ինքը, որի կռիվների մեջ այնքան երկար տարիներ մասնակցել էր ինքը։ Բայց երբ երիտասարդը կրկին թախանձեց նրան, պատմեց.

— Ձեզ հայտնի է, տեր իմ, թե որպիսի՛ խաբեությամբ Շապուհ արքան մեր Արշակ թագավորին և ձեր հորեղբորը հրավիրեց Տիզբոն։ Թագավորին երկաթյա շղթաներով աքսորեց Խուժիստանի Անհուշ բերդը։— Այդ ես պատմեցի ձեզ։— Հետո բերել տվեց ձեր հորեղբորը դատելու։ Այն օրը Շապուհի դիվանի ամբողջ հրապարակը լի էր բազմությամբ։ Ներկա էի և ես։ Երբ կանգնեցրին ձեր հորեղբորը դիվանի առջև, երբ Շապուհը նայեց նրա վրա և, տեսնելով անձով փոքրիկ, արհամարհանքով հարցրեց.— «Դո՞ւ էիր, որ այդքան տարի կոտորում էիր արիներին (պարսիկներին). դո՞ւ էիր, որ այդքան ժամանակ անհանգստացնում էիր մեզ»։ Ձեր հորեղբայրը համարձակությամբ պատասխանեց. — «Այո՛, ես էի, արքա»։— «Աղվե՜ս,- ասաց Շապուհը զայրանալով,- աղվեսի մահով սպանել կտամ քեզ»։ Ձեր հորեղբայրը այսպես պատասխանեց արքայի սպառնալիքին. «Այժմ դու տեսնելով ինձ անձով փոքրիկ, արհամարհում ես. մի՞թե այդքան ժամանակ չհասկացար իմ մեծության չափը։ Մինչև այսօր ես քեզ համար առյուծ էի, իսկ