Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/250

Այս էջը սրբագրված է

Մալխասը ավելացրեց․

— Քո հայրը պարսիկների հետ եկավ և կործանեց բոլորը․․․

— Ինչպե՞ս եկավ... ինչպե՞ս մտավ կղզին․․․

Մալխասը պատմեց, թե նրանք եկել էին ծովային ճանապարհով, Վանա կողմից։ Գիշերով պաշարել էին կղզին, երբ ամենքը քնած էին։ Եթե ցամաքի ճանապարհով եկած լինեին, իհարկե, կպատահեին վռըշիկներին, և նրանց անտառների մեջ իրանց վարձը կստանային... Այդ վտանգից խույս տալու համար, արշավանքը կատարել էին գիշերով և ծովային ճանապարհով։ Եվ իրանց անակնկալ հարձակմամբ կարողացել էին տիրել թե՛ կղզուն և թե՛ իշխանական ամբոցին։

Սուրհանդակի պատմության մեջ մի կետ ավելի գրավեց Սամվելի ուշադրությունը, թե արշավանքը կատարվել էր Վանա կողմից։ Ուրեմն, Վանը անցել էր թշնամու ձեռքը։ Նա փոքր-ինչ զայրացած կերպով դարձավ դեպի սուրհանդակը, ասելով.

— Եթե դո՛ւ քեզ հանձնած նամակը յուր ժամանակին տեղ հասցնեիր, դրանցից և ոչ մեկը չէր կատարվի։

— Ես չուշացա, տեր իմ, ես թռչունի թռիչքով հասա, տեր իմ, բայց մինչև իմ հասնելը. ամեն ինչ կատարված էր։

Նամակի մեջ հաղորդել էր Սամվելը սպառնացող վտանգը։

Բայց, դժբախտաբար, նա ինքն էր արել մեծ սխալը, ուշացնելով նամակը։ Այդ սխալի մեջ նա ևս մեղավոր չէր։ Եթե կհիշե ընթերցողը, նրա խորթ մայրը, Որմիզդուխտ տիկինը, նրան շատ անագան հայտնեց աղետավոր իսկությունը, թե նրա հայրը սկզբից Տարոն չպիտի մտնե, այլ պետք է նախ հարձակվի Վասպուրականի քաղաքների վրա, և հետո այնտեղից պետք է անցնե Ռշտունյաց աշխարհը և այլն։

— Այժմ որտե՞ղ է Ռշտունյաց նահապետը, Գարեգին իշխանը։ Երևի, գերեցի՞ն նրան։

— Ոչ, տեր իմ։ Նա գնաց Ռշտունյաց տիկնոջը որոնելու։

— Տարա՞ն նրան։

— Հայտնի չէ, տեր իմ։ Միայն, որպես պատմում էին ամրոցի մարզիկը, գիշերային հարձակման խռովության միջոցում՝ տիկինը կորավ։

— Իսկ Ռշտունյաց օրիո՞րդը...

Վերջին հարցի միջոցին, երիտասարդի շրթունքները դոդա֊