Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/252

Այս էջը սրբագրված է

տող քոջերը վրեժ խնդիր կլինեն։ Եվ նազելի օրիորդը հազիվ թե կկարողանա զսպել վայրենի խուժանի կատաղությունը։

— Սխալվում ես, ՄալԽաս, ամբողջ Ռշտունիքը պաշտում է նրան, որպես յուր աստվածուհուն։ Նրա մի խոսքը բավական է սանձահարելու բոլորին։

Մալխասը մտածության մեջ ընկավ։ Մտածության մեջ ընկավ և Սամվելը։ Երկու փափագներ, մինը մյուսից ավելի սաստիկ, մաքառում էին նրա մեջ։ Առաջինը, յուր սիրելի նշանածին տեսնելու իղձը, իսկ երկրորդը, այն վճռական նպատակը, որի իրագործման համար նա ճանապարհ էր ընկած, որի կատարումը նա հանդիսավոր կերպով ուխտել էր յուր խղճի և աստուծո առջև... Այժմ դեպի ո՞րը դիմել։ Դեպի սիրած օրիո՞րդը, թե՞ դեպի ուխտած նպատակի։ Երկուսն էլ թանկ էին նրա համար, երկուսն էլ սուրբ էին նրա համար։ Բայց սիրո կրակը ավելի վառ էր երիտասարդի սրտի մեջ։ Նա թեև չժխտեց յուր ուխտը, բայց—հետաձգեց նրան․․․

— Լսի՛ր, Մալխաս,— դարձավ նա դեպի սուրհանդակը,— դու պետք է գնաս, որոնես օրիորդին, դու պետք է գտնես նրան, և ինձ շուտով լուր բերես, թե որտե՞ղ է նա։ Կարո՞ղ ես գտնել։

— Կարող եմ, տեր իմ։

— Ես այդ ծովեզրում կսպասեմ, և իմ հոգնած մարդիկներին փոքր֊ինչ հանգստություն կտամ, մինչև դու կվերադառնաս։ Եթե հարկավոր կհամարես, վեր ա՛ռ քեզ հետ իմ մարգիկներից մի քանիսին։

— Նրանք միայն կխանգարեն ինձ, տեր իմ։ Ես միայնակ կգնամ։

— Դու այսօր պետք է ճանապարհ ընկնես։

— Ես հենց այս րոպեիս կգնամ։ Եթե աստված հաջողե ինձ՝ գտնել օրիորդին, հայտնե՞մ, թե իմ տերը ցանկանում է տեսնել նրան։

— Հայտնի՛ր։

— Իսկ եթե նա չհավատա՞, որ ես իմ տիրոջ կողմից եմ ուղարկված։

— Ցույց տո՛ւր նրան այդ մատանին։

Սամվելը հանեց մատանին, հանձներ սուրհանդակինք։

Նա գլուխ տվեց և ճանապարհ ընկավ։