Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/256

Այս էջը սրբագրված է

ձին սառնությամբ նայում էր թե՛ բերողների և թե՛ խարույկի մոա գտնվածների վրա։ Նրա անշարժ դեմքը արտահայտում էր անձնավստահ մարդու անվեհերությունը։

- Պետք է այրե՜լ,- կրկնեցին ամենքը միաձայն։ Ոմանք սկսեցին խարույկի վրա փայտեր ավելացնել։ Այդ ժամանակ միայն դատապարտյալը բերանը բաց արեց և հանդարտ կերպով հարցրեց․

- Դուք իրավունք ունե՞ք առանց Ռշտունյաց օրիորդի հրամանին այրել ինձ։

Ամենքը նայեցին միմյանց երեսին։ Նա ավելացրեց․

- Կարելի է ես մի անմեղ մարդ եմ։

- Անմեղ մարդը գիշերով ի՞նչ գործ ունի մեր բանակի շուրջը,- հարցրին նրանից։

- Այդ ձեր գիտենալու բանը չէ։ Ինձ տարեք օրիորդի մոտ թող նա դատե ինձ։

- Օրիորդին այժմ չի կարելի անհանգստացնել։ Նա քնած է։

- Ինձ պահեցեք մինչև առավոտ, մինչև օրիորդը վեր կկենա։

- Դու ո՞վ ես, որտեղացի՞ ես, ինչպե՞ս է քո անունը։

- Ես ձեզ ոչինչ չեմ ասի։

Աղմուկը և աղաղակները հասան մինչև սպիտակ վրանը, որի վարագույրներից մեկը կիսով չափ բարձրացավ և կրկին ցած իջավ։ Ամենքը նայեցին դեպի այն կողմը, միմյանց ասելով•

- Օրիորդը դեռ քնած չէ։

Մի քանի րոպեից հետո օրիորդի ծեր սպասավորներից մեկը մոտեցավ խմբին, հարցրեց, թե ի՞նչ է պատահել։ Եղելությունը նրան պատմեցին, նա հեռացավ։ Շատ չանցավ, կրկին վերադարձավ նա, հայտնեց, թե օրիորդը հրամայում է, որ լրտեսին բերեն յուր մոտ։ Այնպես կապած, կաշկանդած, տարան նրան։

Սպիտակ վրանը մի թեթև, շարժական պալատ էր յուր բոլոր հարմարություններով։ Նա կազմված էր մի քանի մասներից, որոնք բաժանված էին միմյանցից առանձին պարտակներով։ Յուրաքանչյուր մասը որոշված էր օրիորդի զանազան սպասավորների կացության համար, համեմատ նրանց պաշտոնին և ծառայություններին։ Մի մասնում կենում էին նրա նաժիշտները, մյուսում նրա դայակներն ու դաստիարակները, երրորդը յուր քնարանն էր, իսկ չորրորդը՝ ընդունելության խորանը։

Նա դեռ քնած չէր, թեև գիշերի կեսից վաղուց անցել էր։ Միայնակ էր լուր քնարանում և, առանց հանվելու, նստած էր մի 256