Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/257

Այս էջը սրբագրված է

գահավորակի վրա։ Բարակ շղթայով՝ սյունից քարշ ընկած պղնձյա ճրագը, որ մի առասպելական թռչունի նմանություն ուներ, ճարճատելով վառվում էր, և յուր աղոտ լույսր թափում էր նրա գունաթափ դեմքի վրա։ Տխո՜ւր էր նա, և ավելի տխուր, քան թե մի սգավոր հրեշտակ։ Ոսկեգույն գիսակները, որ Ռշտունյաց լեռնական օրիորդների գեղեցկության գլխավոր հարստությունն է, մեղն գանգուրներով ծածկում էին նրա սիրուն թիկունքները։ Աչքերի մեջ վառվում էր խորին թախծություն։ Ի՞նչն էր ալեկոծում քնքուշ սիրտը, որ ուրախ լինելու, և հավիտյան ուրախ լինելու համար էր ստեղծված։ Նա մտածում էր... և այդ մտածություններն էին, որ խլել էին թե նրա քունը և թե հանգստությունը։ Մտածում էր հայրենի ամրոցների կործանման մասին, մտածում էր կորած, անհետացած մոր մասին, որին սիրում էր որդիական բոլոր տարպանքով, մտածում էր տառապյալ հոր մասին, որ գնացել էր պատերազմելու սարսափելի վտանգների դեմ, որ գնացել էր ազատելու սիրելի ամուսնին։ Եվ, վերջապես, մտածում էր Սամվելի մասին, որից շատ ժամանակ էր, որ ոչինչ տեղեկություն չուներ։ Ինչո վ բացատրել նրա լռությունը։ Այդ հարցի վրա խորհելիս, նա ամբողջ մարմնով դողում էր, մանավանդ երբ մտաբերում էր, որ կատարված բոլոր աղետների հեղինակը այն երիտասարդի հայրն էր, որին ինքը այնքան սիրում էր, որի սիրով միայն իրան կատարյալ երջանիկ և բախտավոր էր համարում։ Իսկ նա, Սամվելը... արդյոք չէ՞ր փոխվել նա... արդյոք ինչպե՞ ս էր նայում յուր հոր՝ գործողությունների վրա... Այդ հարցերը խելագարության չափ վրդովեցնում էին խեղճ օրիորդին, և նա, անհնարին տարակուսանքների մեջ ընկղմված, ոչ մի սփոփանք, ոչ մի դյուրություն չէր գտնում խռովյալ սրտին։ Եթե Սամվելը հավատարիմ կմնար սիրած աղջկան և նրա տոհմին, նա պետք է հակառակեր յուր հորը, որ և ատելով ատում էր այդ տոհմը։ Նա պետք է կորցներ բոլորը և զրկվեր բոլորից, միայն յուր սիրած աղջիկը շահելու համար։ Բայց արդյոք, կտա՞ր նա մի այդպիսի զոհ,- մի այդչափ մեծ զոհ, որով իսպառ խորտակվում էր նրա բախտը և գուցե - նրա ապագան... Եվ ինչպե՞ս ընդուներ ինքը այդ մեծ զոհաբերությունը, ղրկելով Մամիկոնյանների նշանավոր ժառանգին հայրենական ժառանգությունից։ Միթե յուր սերը բավական էր լրացնելու այն անհուն կորուստը, որին պետք է ենթարկվեր դժբախտ երիասարդը, որ յուր բարձր արժանապատվություններով երջանիկ լինելու և մի՛շտ երջանիկ լինելու իրավունք ուներ․․․

257

17 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ․ VII