Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/26

Այս էջը հաստատված է

այժմ աղվե՞ս։ Լսի՛ր, արքա, ես այն Վասակն եմ, որ մի հսկա էի, մեկ ոտս մեկ լեռան վրա էր դրած, մյուս ոտս մի այլ լեռան վրա. երբ աջ ոտիս վրա էի հենվում, աջակողմյան լեռը գետնի տակն էի տանում, իսկ երբ ձախ ոտիս վրա էի հենվում, ձախակողմյան լեռը գետնի տակն էի տանում»։ Շապուհը հարցրեց. — «Ասա՛ ինձ, որո՞նք են այն երկու լեռները, որ դու գետնի տակն էիր տանում»։ Նա պատասխանեց.— «Երկու լեռներից մեկը դու էիր. մյուսը հունաց թագավորը։ Քանի որ հայոց նախարարների մեջ միաբանություն կար, քանի որ նրանք կապված էին իրանց թագավորի հետ, և քանի որ մենք պահում էինք մեր հայր Ներսեսի խրատները,— այնքան ժամանակ աստված մեզ հետ էր, և մենք կարողանում էինք խրատել մեր աշխարհի թշնամիներին, որոնց թվում և քե՜զ, արքա։ Բայց երբ մեր նախարարների երկպառակությունը մատնեց մեր թագավորին քո ձեռքը, այն օրից մենք ինքներս մեր կործանումը պատրաստեցինք... Այժմ, ինչ որ կամենում ես, արա՛, ես պատրաստ եմ, արքա»։ Հրապարակի վրա հավաքված ամբողջ բազմությունը զարմանում էր ձեր հորեղբոր համարձակության վրա, զարմացավ և ինքը Շապուհ արքան և գովեց նրա քաջությունը։ Բայց հետո հրամայեց մորթել նրան, կաշին տիկ հանել, լցնել խոտով և տանել Անհուշ բերդը։ Այնտեղ դրված է նա, իբրև նախատինք, շղթայակապ Արշակ թագավորի աչքի առջև, և դժբախտ թագավորի աչքից արտասուքը չէ պակասում, քանի որ նայում է յուր քաջ, հավատարիմ սպարապետի վրա։

Երիտասարդը, լսելով ցավալի պատմությունը, թաշկինակը տարավ դեպի լճացած աչքերը և ծածկեց յուր արտասուքը։

— Հերո՜սը հերոսի նման մեռավ,— բացականչեց նա։— Նրա որդին, Մուշեղը, կարող է պարծենալ հոր մահվամբ։ Բայց ե՜ս... ես ինչո՞վ կարող եմ պարծենալ... ես պետք է հավիտենական նախատինքի տակ մնամ... Իմ հայրը յուր եղբոր սպարապետությունը ստանալու համար դառնում է նրան սպանել տվող Շապուհի ձեռքում մի անարգ գործիք... և այժմ պարսից զորքով գալիս է ողողելու Հայաստանը արյունով... Թշվա՜ռ եմ ես, թշվա՜ռ... ինչո՞վ պետք է քավեմ այդ նախատինքը...

Արեգակի առաջին ճառագայթները, ընկնելով ծիրանեգույն վարագույրների վրա, լցրին սենյակը ծիրանեգույն լուսով։ Երիտասարդը սոսկալով նկատեց, որ օրը լուսացել էր։ Նա դարձավ դեպի սուրհանդակը, ասելով.

— Շնորհակալ եմ, Սուրեն, ես քո ծառայությունը չեմ մոռանա: