Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/260

Այս էջը սրբագրված է

արտահայտում էր անզուսպ անհամբերություն։ Որոնում էր մի ելք․ բայց դյուրությունները պակասում էին նրան։ Մալխասը ապշած կերպով նայում էր նրա վրա, նայում էր և ուրախանում էր, որ յուր տերը վայելում էր երկրի ամեն աչքն աղի և ամենաշնորհալիի սերը։

Նա ցած իջավ բազմոցից, մոտեցավ վրանի վարագույրին, ուշիկ կերպով բարձրացրեց նրա եզրը և նայեց դեպի երկինքը։ Դեո բավական գիշեր կար։ Պետք էր օգուտ քաղել գիշերային խավարից։ Վճռեց ինքը գնալ Սամվելի մոտ։ Բայց տեսնվիլ նրա հետ ոչ թե Մամիկոնյանների բանակում, այլ — մի չեզոք տեղում։

Նա կրկին նստեց բազմոցի վրա և, դառնալով դեպի Մալխասը, հարցրեց.

— Դու ծանո՞թ ես մեր կողմերի հետ։

— Այո՛, օրիորդ։

— Դու տեսե՞լ ես Մանակերտը։

— Այո՛, օրիորդ։ Այնտեղից Մանաճիհրը սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի յոթն սարկավագներին նետեց ծովը։ Ռշտունյաց Ոստանից շատ հեռու չէ։

— Քեզ ծանո՞թ է այն աղբյուրը, որ բխում է Մանակերտի ստորոտից։

— Այո', օրիորդ։ Այդ աղբյուրը գոյացել է սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի արտասուքներից, երբ նրա սարկավագներին ծովը նետեցին, և ինքը լաց եղավ։ Աղբյուրի մոտ կա մի վայրենի տանձենի, որի ոստերից կանայք շորի կտորներ են կախում, երբ ջերմ ու տենդ ունեն։ — Լավ։ Որքա՞ն ժամանակում կարող ես հասնել իշխանի մոտ։ — Եթե ինձ կրկին չբռնեն, դեռ լույսը չծագած կհասնեմ։ — Քեզ չեն բռնի։ Կգնաս, կհայտնես իշխանին, որ նույն «Արտասուքի աղբյուրի» մոտ սպասե ինձ։

Նա տվեց յուր մետաքսյա թաշկինակը սուրհանդակին, պատվիրելով.

— Այդ նշանը կկապես նիզակիդ ծայրին, և ոչ մի ռշտունցի չի մոտենա քեզ։

Նա կանչեց յուր դրանիկներից մեկին, հրամայելով.

— Տա՛ր այդ մարդուն, ասա՛, որ դրա զենքերը տան, և շուտով ճանապարհ դնեն։

Մալխասր ծունր իջավ, համբուրեց օրիորդի պատմուճանի քղանցքի ծայրը, և ապա դուրս եկավ վրանից։ 260