Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/261

Այս էջը սրբագրված է

Օրիորդը մնաց միայնակ, գոհ և բախտավոր։ Կրկին անգամ հանեց մատանին, և խորին հրճվանքով նայում էր նրա վրա։ Յուր ոգևորության մեջ այն աստիճան հափշտակվեցավ նա, որ մոտեցրեց մատանին յուր բոցավառ շրթունքներին, և նրա աչքերը լցվեցան ուրախության արտասուքով։ Այդ լուռ, անբարբառ առարկայիր լսում Էր սիրելի ձայնը այն էակի, որ յուր համար այնքան թանկագին էր, որ յուր համար անփոխարինելի էր, Այդ սառն, անշունչ առարկայից զգում էր նրա շունչի ջերմությունը և հոգով միանում էր նրա անմոռանալի հիշատակի հետ։ Նա կանչել տվեց յուր հազարապետին, հրամայեց.

— Կպատվիրես, որ թամբեն իմ նժույգները, տասն թիկնապահներ պատրաստ լինեն ինձ հետ գալու։

— Հիմա՞,— հարցրեց հազարապետը զարմանալով։

— Այո՛, այս րոպեիս։



Գ

ԱՐՏԱՍՈՒՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Չնայելով, որ արևը ծագել էր, բայց այն ձորի մեջ, որտեղ գտնվում էր «Արտասուքի աղբյուրը», դեռ տիրում էր խորին մթություն։ Սարերի բարձր գագաթները դեռ նոր շողշողում էին առաջին ճառագայթների նուրբ-վարդագույն լուսով։ Օդի մեջ բուրում էր խիստ ախորժելի զովություն, որ ներշնչված էր ճոխ բուսականության մեղմ անուշահոտությամբ։ Շրջակայքը լուռ էր։ Լուռ էր և անտառը, որ տարածվում էր մինչև կապտագույն ծովեզրը։ Լսելի էր լինում միայն նվիրական աղբյուրի տխուր մեղեդին, որ ողբաձայն հնչյուններով աղմկում էր տիրող լռությունը։ Լսելի էր լինում նա որպես սգավոր սրտի դառն հառաչանք։ Վշտացած հայրապետի արտասուքներից գոյացած աղբյուրը և այժմ արտասվում էր...

Նրա մոտ կանգնած էր Աշխենը։

Նազելի օրիորդի մտահույզ հայացքը դարձրած էր դեպի սգավոր աղբյուրը, որ, պարզ արծաթափայլ վտակի նման, դուրս հոսելով մի ժայռի ճեղքվածքից, ցած էր թափվում և, համբուրվելով ու գրկվելով յուր ուղին զարդարող գույնզգույն խճերի հետ, արագ 261