Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/269

Այս էջը սրբագրված է

Սամվելի ժպիտը ավելի դրդռեց նրան, երբ հեգնությամբ պատասխանեց.

— Եթե իմ խոսքերի մեջ ծածկյալ մտքեր կան, կարող ես հավատացած լինել, սիրելի Աշխեն, որ նրանք մռայլ չեն, այլ, ընդհակառակն, շատ պարզ ու պայծառ են... Ես այժմ այդքանով միայն կարող եմ հանգստացնել քեզ, որ երբեք վատ կամ անազնիվ գործ չեմ կատարի։ Իսկ իմ տեսությունը իմ հոր հետ՛ որ միայն կարևոր է, այլ շատ և շա՛տ անհրաժեշտ է...

— Իզուր ժամանակ պիտի կորցնես, Սամվել։ Դու դեռևս հույս ունես, որպես ասում ես, քո լացով ու արտասուքով պիտի կարողանաս դարձնել քո հորը յուր Լավ ճանապարհից։ Բայց ինչու չես մտածում, որ նա ևս կաշխատե քաշել քեզ յուր ճանապարհի վրա, Ես բնավ տարակույս չունեմ, որ երբ դու կներկայանաս նրան, նա անպատճառ կառաջարկե քեզ աջակցել իրան։ Դու, իհարկե, կմերԺես։ Այն ժամանակ, որպեսզի նրան խոչընդոտ չդառնաս, կկալանավորե քեզ, կդնե բանտը, և այսպիսով կզրկե քեզ քո բոլոր ձեռնարկություններից, որ ավելի կարևոր են։

— Նա այդ աստիճան անգութ չի լինի։

— Եվ դրանից ավելի անգութ կլինի։ Նա՛, որ չխնայեց իմ մորը, յուր հարազատին, յուր արյունակցին, յուր քրոջը, անտարակույս, չի խնայի և հարազատ որդուն։

«Այն ժամանակ ես էլ չեմ խնայի...»— յուր մտքում ասաց Սամվելը, և դառնալով դեպի օրիորդը ավելացրեց.

— Վստահ եղի՛ր իմ խոհեմության վրա, սիրելի Աշխեն, ես մինչև այնտեղը չեմ հասցնի, որ նա ինձ բանտարկե։

Օրիորդը դեռ ոչ-բոլորովին հանգիստ էր։

— Ի՞նչ է մտածում քո մայրը,— Հարցրեց նա։

— Իմ մայրը բոլորովին կամակից է հորս հետ։ Հեզ հայտնի է նրա փառասիրությունը, քեզ հայտնի է և նրա ատելությունը դեպի առհասարակ բոլոր Արշակունիները։ Շապուհը խոստացել է նրա եղբորը, Մերուժանին, տալ հայոց թագավորությունը, եթե կատարելու լինի պարսից ցանկությունները։ Այդ խոստմունքը, որի իրագործման մասին մայրս մեծ հույսեր ունի, բոլորովին խելքից հանել է նրան։ Նա այժմ պատրաստ է ամեն բանի համար, և պարսից կրոնը ընդունել, և քրիստոնեությունը ոչնչացնելու հոդ տանել, մի խոսքով ամեն ձեռնարկություն հանձն առնել, միայն թե յուր եղբայրը հայոց թագավոր լինի։

— Իսկ քո հորը ի՞նչ է խոստացել Շապուհը։ 269